Քարամյան. «Ամենամեծ ցանկությունս այն է, որ հայ ազգը լինի առողջ ու խաղաղ»

Քարամյան. «Ամենամեծ ցանկությունս այն է, որ հայ ազգը լինի առողջ ու խաղաղ»

14/11/2021 - 15:04

Այսօր` նոյեմբերի 14-ին, իրենց ծննդյան 42-րդ տարեդարձն են նշում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արման և Արտավազդ Քարամյանները, ովքեր ներկա պահին ապրում և մարզչական գործունեություն են ծավալում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Interfootball-ի թղթակիցը կապվել և փոքրիկ հարցազրույց է ունեցել Արմանի հետ, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Ֆուտբոլային հրաշալի ճանապարհ անցնելուց հետո ինչպե՞ս որոշեցիք զբաղվել մարզչական գործունեությամբ: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք մարզչական գործունեություն ծավալել հենց ԱՄՆ-ում։

– Այո՛, իսկապես, ես և եղբայրս շատ լավ ֆուտբոլային ճանապարհ ենք անցել, բայց, միևնույն ժամանակ, այն շատ դժվար էր։

Վստահ եմ` եթե մեր օրերում հանդես գայինք, ապա կկարողանայինք ավելի մեծ ակումբներում խաղալ և ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել, բայց Փառք Աստծո, այդ դժվար ժամանակներում կարողացանք մեծ հաջողություններ ունենալ։

Ըստ իս` բոլոր ֆուտբոլիստներն էլ կարիերան ավարտելուց հետո ցանկանում են մնալ ֆուտբոլում։ Շատերը ցանկանում են աշխատել մարզիչ կամ ակումբներում որևէ պաշտոն զբաղեցնել։

Անձամբ ես որոշեցի մարզիչ դառնալ և 10 տարի մարզել եմ ռումինական «Կոնկորդի» ակումբի 2003 թ. ծնվածների թիմի ֆուտբոլիստներին, ովքեր 6 տարեկանում սկսեցին կարիերան և արդեն 17-ում տեղափոխվեցին ինչպես Ռումինիայի բարձրագույն, այնպես էլ երկրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբներ։

Ինչ կապված է Միացյալ Նահանգներին, ապա նման ճանապարհ անցնելուց հետո հասկացա, որ չեմ կարող զբաղվել մեկ այլ գործով։ Այժմ եղբորս` Արտավազդի հետ մարզում ենք «Գոլդեն Սթեյթ» ակադեմիայի 2008-09 թթ. ծնված տղաներին և ապագայում նպատակ ունեմ մարզել նաև ավելի բարձր տարիքային խմբերի։

Ի՞նչ կասեք ամերիկյան ֆուտբոլի մասին։ Եվրոպական ու ամերիկյան ֆուտբոլի միջև ի՞նչ ընդգծված տարբերություններ եք նկատել։

– Միանշանակ եվրոպական ֆուտբոլը չես կարող համեմատել ամերիկյանի հետ։ ԱՄՆ-ում միգուցե ֆուտբոլով զբաղվելու համար պայմանները շատ եվրոպական երկրներից ավելի լավն են, սակայն այստեղ մոտեցումներն ու պրոֆեսիոնալիզմն ավելի թույլ է, քան Եվրոպայում։

Ես, միանշանակ, կնախընտրեմ կրկին հանդես գալ եվրոպական ակումբներում։ Այժմ աշխատում ենք, որ տղաներս` Սուրիկն ու Մհերը, նույնպես տեղափոխվեն Եվրոպա, սակայն, դրա համար անհրաժեշտ է ժամանակ և շատ աշխատել։

Ունե՞ք Եվրոպա վերադառնալու նպատակ արդեն որպես մարզիչ։ Ո՞ր երկրի առաջնությունում կցանկանայիք աշխատել։

– Թե՛ մարզիչները և թե՛ ֆուտբոլիստները պետք է տարբեր նպատակներ ունենան։ Ներկա պահին իմ նպատակն այն է, որ տղաներս վերադառնան Եվրոպա և լավ ակումբներում հանդես գան, իսկ դրանից հետո, ինչո՞ւ` ոչ, ես նույնպես կուզեմ մարզել եվրոպական ակումբներ։

Էական չէ` դա որ երկրի, մանկապատանեկան, թե բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող ակումբ կլինի։

Անցնող տարիներին ֆուտբոլային մեծ փորձ ու գիտելիքներ եմ ձեռք բերել և պատրաստ եմ մարզել ցանկացած երկրի ու դիվիզիոնի ակումբ։

Մեծ աղմուկ կա ձեր որդիներից երկուսի՝ Մհերի ու Սուրիկի շուրջ : Նրանց տաղանդի մասին լուրերը անընդհատ շրջանառվում են։ Երկու խոսքով պատմեք նրանց անցնած ճանապարհի մասին։

Ոչ միայն Սուրիկն ու Մհերը, այլև իմ փոքր տղան` Դավիթը, և Արտավազդի տղան` Արսենը, բոլորը զբաղվում են ֆուտբոլով։ Նրանք մարզվել են և խաղացել են ռումինական «Կոնկորդի» ակումբում։

Փոքր տարիքի պատճառով նրանց մասին քիչ ենք խոսել, իսկ այժմ Սուրիկն արդեն 17, Մհերը` 16 տարեկան է և արդեն նրանց բարձրագույն ֆուտբոլ գնալու ժամանակն է։

Իմ տղաներն օժտված են Աստծո շնորհքով ու ունեն մեծ ապագա, ինչի համար թե՛ ես, թե՛ Արտավազդը շատ ջանքեր ենք գործադրել, որպեսզի մեծանան պրոֆեսիոնալ ինչպես մտավոր, այնպես էլ խաղային տեսանկյունից։

Սուրիկն ու Մհերը 5.5 տարեկանից սկսած, հենց իմ ու Արտավազդի գլխավորությամբ, խաղացել են «Կոնկորդի» ակումբում։ Սուրիկը, նախքան մեր ԱՄՆ տեղափոխությունը, հանդես էր գալիս «Կոնկորդիի» Մ-17 տարեկանների թիմում և այժմ խաղում ու մարզվում է արդեն Միացյալ Նահանգներում։

Մեծ հույս ունենք, որ մեր գործակալի օգնությամբ Սուրիկը կտեղափոխվի եվրոպական որևէ լավ ակումբ, որտեղ արդեն իր ուժերով ավելի առաջ կգնա ու ավելի լավ ֆուտբոլ ցույց կտա։

Շատերը գիտեն, որ Սուրիկի գործակալը Interfootball-ի թիմակից Մոգն է` Հայկ Զաքարյանը: Ի՞նչ կասեք Հայկի մասին։

– Որպես գործակալ` Հայկն առաջինը խոսել է Սուրիկի հետ։ Այդ ամենն իմանալով` ես նույնպես խոսեցի Հայկի հետ։ Շատ լավ տպավորություն ունեմ նրանից, հիանալի անձնավորություն է։

Հուսով եմ` հետագայում Հայկը կդառնա ավելի մեծ գործակալ։ Տա Աստված, որ ամեն ինչ լավ ստացվի ու Հայկի հետ շարունակենք ոչ թե միայն որպես ֆուտբոլիստ-գործակալ հարաբերությունները, այլ դառնանք նաև լավ ընկերներ։

Interfootball-ի ողջ անձնակազմի կողմից սրտանց շնորհավորում ենք Ձեր և Ձեր եղբոր ծննդյան 42 ամյակը ու մաղթում մեծ նվաճումներ մարզչական աշխատանքում և հետագա գործունեությունում։

– Շնորհակալ եմ մաղթանանքերի համար։

Անցնող 42 տարիները մի կյանք է, որը ես և եղբայրս ապրել ենք ֆուտբոլին նվիրված։ Ծննդյանս օրվա ամենակարևոր մաղթանքն ու ցանկությունս այն է, որ հայ ազգը լինի առողջ ու խաղաղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022