Տրանսֆերային սկանդալ. Զիեշի ՊՍԺ տեղափոխությունը չի կայացել
Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրն անմասն չմնացինք նաև սկանդալներից։
Բանն այն է` ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ ՊՍԺ-ն Հակիմ Զիեշի վարձակալության հարցում հասել էր վերջնական համաձայնության, սակայն կողմերը չեն հասցրել գործարքն ավարտին հասցնել։
Մարոկկացի կիսապաշտպանը նույնիսկ բուժզննում էր անցել փարիզյան ակումբի համար։
Այդուհանդերձ, ըստ L’Équipe-ի տեղեկեկությունների, «ազնվականները» երեք անգամ սխալ փաստաթղթեր են ուղարկել, ինչի հետևանքով «Պարի Սեն-Ժերմենը» նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը չի հասցրել գրանցել գործարքը։
Նշվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարները կարծում են, թե «Չելսին» այդ ամենը դիտավորյալ է արել, քանի որ «ազնվականները» երկար ժամանակ փորձում էին փարիզյան ակումբի հետ համաձայնության գալ, որպեսզի վարձակալական պայմանագրում ներառվի նաև պարտադիր գնման կետ։
Հաղորդվում է, որ փարիզյան ակումբի ղեկավարներն անչափ զայրացած են «Չելսիի» ֆունկցիոներների վարքագծից և պատրաստվում են բողոքարկել` փորձելով Լիգա 1-ից ստանալ գործարքի գրանցման թույլտվություն, սակայն դրա հավանականությունը բավական քիչ է։
Հավելենք, որ Հակիմ Զիեշը լոնդոնյան ակումբի շարքերը համալրել է 2020 թ. հուլիսին` անցկացրած 98 խաղում դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հակիմ-Զիեշ, Չելսի, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո