Տուխելն ու Աբրամովիչը վերջապես ծանոթացել են
Ինչպես գիտեք, մայիսի 29-ին կայացավ Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Չելսին» 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»` ակումբի պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոստովանել է, որ միայն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո է ծանոթացել «ազնվականների» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ․
«Ես խոսեցի թիմի սեփականատիրոջ հետ խաղադաշտում, ինչը մեր առաջին հանդիպման համար լավագույն պահն էր կամ վատագույն․ չէ՞ որ այժմ ամեն ինչ կարող է ավելի վատ լինել։
Մենք նորից կհանդիպենք ու ես նրան կհավաստիացնեմ, որ դեռ հաղթանակների ծարավ եմ։ Ես ծարավ եմ և հանդիսանում եմ հավակնոտ մի ծրագրի մասնիկ՝ հզոր թիմի, որն ամբողջությամբ համապատասխանում է իմ ֆուտբոլային տեսլականին»,- 47 –ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, Տուխելը «Չելսիի» ղեկն ստանձնել է 2021 թվականի հունվարին՝ կնքելով մեկուկես տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
# Թոմաս ՏՈւխել, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռոման Աբրամովիչ