«Տոտենհեմը» անկում է ապրում 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Տոտենհեմի» և «Լեսթերի Սիթիի» միջև, որում Ժոզե Մոուրինիոյի սաները 0։2 հաշվով պարտվեցին «աղվեսներին»։
Առաջին խաղակեսի վերջում (45+4 րոպե) տանտերերը սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները, ինչը չվրիպեց գլխավոր մրցավար Պոուսոնի ուշադրությունից։ Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց հյուրերի անվիճելի առաջատար Ջեյմի Վարդին՝ 0։1։
Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 48-րդ րոպե, խորքից կատարված փոխանցումից հետո Մեդդիսոնը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Սակայն բավական բուռն տոնելուց հետո VAR համակարգն արձանագրեց, որ գոլը խփվել է խաղից դուրս վիճակից։
Լեսթերի տղաների ուրախությունը հետաձգվեց 10 րոպեով։ 59-րդ րոպեին ավտոգոլով աչքի ընկավ տանտերերի պաշտպան Ալդերվեյրելդը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 0։2։
Այս խաղից հետո ԱՊԼ մրցաշարային աղյուսակում թիմերը տեղերով փոխվեցին։
«Լեսթերը» վաստակեց 27 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ Դե իսկ Ժոզեի «Տոտենհեմը», կրելով 2-րդ անընդմեջ պարտությունը, մնաց 25 միավորով և իջավ 4-րդ հորիզոնական։
# ԱՊԼ, Ժոզե Մոուրինիո, Լեսթեր, Տոտենհեմ