Վինիսիուս. «Ռասիստները, առաջին հերթին, վախկոտներ են»
Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում (1:0) իր հետ տեղի ունեցած միջադեպին։
«Ռասիստները, առաջին հերթին, վախկոտներ են։ Նրանք պետք է շապիկներով ծածկեն իրենց բերանները՝ ցույց տալու համար, թե որքան թույլ են։ Այն մարդիկ, որոնք տեսականորեն պետք է պատժեն ռասիստներին, պաշտպանում են նրանց։
Այսօրվա կատարվածը նորություն չէր ոչ ինձ համար, ոչ էլ թիմի։ Ես դեղին քարտ ստացա գոլը տոնելու համար ու մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու։ Մյուս կողմից` դա վատ աշխատող կանոնադրություն է, որից որևէ օգտուտ չկա։
Չեմ սիրում նման իրավիճակներից հետո սոցցանցեր մտնել, հատկապես, կարևոր հաղթանակներից հետո, երբ բոլոր վերնագրերը պետք է նվիրված լինեն «Ռեալին», բայց այս հրապարակումը պարտադիր էր»,- գրել է բրազիլացի ֆուտբոլիստը։
25-ամյա եզրայինը խփել է «արքայական» ակումբի հաղթական գոլը, ինչից հետո դարպասի գրավումը պարելով նշելու համար ստացել է դեղին քարտ։
Վինիսիուսի` դարպասի գրավումը բուռն տոնելը դուր չի եկել պորտուգալական ակումբի ֆուտբոլիստներին, որոնք սկսել են սադրել նրան։
Վինիսիուսը խաղադաշտի կենտրոնում լեզվակռիվ է ունեցել մրցակցի վինգեր Ջանլուկա Պրեստիանիի հետ, ինչից հետո հրաժարվել է շարունակել հանդիպումը։ «Ռեալի» ֆուտբոլիստը պնդում էր, որ իրեն ռասիստական վիրավորանքներ են հասցրել։
Հանդիպումը գրեթե 10 րոպե ընդհատվելուց հետո, ի վերջո, շարունակվել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Չեմպիոնների-լիգա, Ջանլուկա Պրեստիանի, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս