«Բիգ Սեմի» թիմն անախորժություններ պատճառեց Յունայթեդին՝ խլելով միավորներ🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում չեմպիոնության համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Վեսթ Բրոմվիչի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ «Վեսթ Բրոմի» տղաներն արդեն 2-րդ րոպեին Մբայե Դիանեի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
Շոկային մեկնարկից հետո «Յունայթեդը» երկար ժամանակ ուշքի չէր գալիս և 28-րդ րոպեին քիչ մնաց երկրորդ գնդակը հաներ սեփական դարպասից, սակայն Ռոբերտ Սնոդգրասի հարվածից հետո «կարմիր սատանաներին» փրկեց Դավիդ դե Խեան։
Երբ թվում էր՝ կողմերն ընդմիջման կգնան տանտերերի առավելությամբ, մանկունյական ակումբը հավասարեցրեց հաշիվը․ 44-րդ րոպեին Լյուկ Շոուի կատարած փոխանցումից հետո Բրունո Ֆերնանդեշը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Երկրորդ խաղակեսում Օլե-Գունար Սուլշերի սաներն ունեին լուրջ առավելություն․ «Յունայթեդի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին հարվածում և տիրում գնդակին, ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն այսօր մանկունյական ակումբին վիճակված չէր հաղթանակ տոնել։
Չնայած այդ առավելությանը՝ մանկունյական ակումբը չկարողացավ խփել հաղթական գնդակը և հաշվում այլևս փոփոխություն չեղավ, իսկ խաղն ավարտվեց 1։1 հաշվով, ինչը նշանակում է, որ Սեմ Էլարդայսի թիմը շատ կարևոր միավորներ խլեց «ՄՅՈՒ»-ից։
«Մանչեսթեր Յուանյթեդը» վաստակեց 46 միավոր և վերադարձավ 2-րդ հորիզոնական՝ առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 7 միավոր․ վերջինս էլ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
«Վեսթ Բրոմվիչի» տղաներն էլ վաստակեցին 13 միավոր և զբաղեցնում են 19-րդ հորիզոնականը։ Վտանգավոր գոտուց հեռանալու համար նրանց հարկավոր է 3 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Մբայե Դիանե, Սեմ Էլարդայս, Վեսթ Հեմ, Օլե-Գունար-Սուլշեր