Վան Դեյկը, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ չվերադառնա
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Էվերտոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լիվերպուլին», իսկ խաղն ավարտվեց 2։2 հաշվով։
Հանդիպմումը նշանավորվեց ոչ միայն գոլառատ խաղով, այլ որ 11-րդ րոպեին «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը՝ խաղադաշտում տեղը զիջելով Ջո Գոմեսին։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով beIN Sports-ին, «իրիսների» դարպասապահ Ջորդան Պիկֆորդի սահանկումից հետո, ամենայն հավանականությամբ, հոլանդացի պաշտպանի մոտ կտրվել են ծնկի խաչաձև կապանները։
Իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում 29-ամյա ֆուտբոլիստը վտանգում է բաց թողնել մրցաշրջանի մնացած ժամանակահատվածը։ Այդ տեսակի վնասվածքներից սովորաբար ֆուտբոլիստներն ապաքինվում են 7-8 ամսվա ընթացքում։
«Լիվերպուլը» դեռևս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի տարածել Վան Դեյկի վնասվածքի վերաբերյալ, քանի որ ֆուտբոլիստը պետք է մի քանի բուժզննում անցնի։
# ԱՊԼ, Էվերտոն, Լիվերպուլ, Վիրջիլ-վան-Դեյկ