Սևիլիա vs Բետիս. El Gran Derbi
Անդալուսիայի մայրաքաղաք Սևիլիայում ամեն տարի կայանում է իսպանական ֆուտբոլի ամենաթեժ դերբիներից մեկը, որի շրջանակում միմյանց դեմ մրցում են «Սևիլիան» ու «Բետիսը»։ Այդ հանդիպումն այնքան հայտնի է, որ ստացել է «El Gran Derbi»` «Մեծ դերբի» անվանումը։
Թե՛ «Բետիսը», թե՛ «Սևիլիան» Լա լիգայի ամենահարուստ պատմություն ունեցող ակումբներից են, սակայն անդալուսական դերբին այն հանդիպումն է, որը տասնամյակներ շարունակ խաթարում է նույնիսկ ամենահավատարիմ ու խաղաղ ընտանիքների կյանքը։
Սևիլիայում բրիտանական ուժեղ ազդեցություն կար, երբ 19-րդ դարի վերջին քաղաքում սկսեցին անցկացվել ֆուտբոլային առաջին կազմակերպված հանդիպումները։ Սևիլիայում առաջին ֆուտբոլային ակումբը ստեղծվել է դեռևս 1890 թ., իսկ ժամանակակից «Սևիլիա» ակումբը հիմնադրվել է 1905, իսկ «Բետիսը»` 1907 թվականին։
«Բետիսն» ու «Սևիլիան» բազմաթիվ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ անցկացնելուց հետո այնպիսի մրցաշարերի շրջանակում, ինչպիսիք են Սևիլիայի գավաթը, Դուկե դե Սանտո-Մաուրոյի գավաթը, Անդալուսիայի առաջնությունն ու Հարավային տարածաշրջանային առաջնությունը, 1928 թվականին դարձան Լա լիգայի երկրորդ դիվիզիոնի` Սեգունդայի համահիմնադիրները։
Ընդ որում, 1928/29 մրցաշրջանում կայացած երկու դերբիներում էլ հաղթեց «Բետիսը». գրանցվեցին 3:0 և 2:1 հաշիվերը։
Անդալուսական ակումբներից «Բետիսն» առաջինն էր, որ նվաճեց Լա լիգայի ուղեգիր, իսկ 1934/35 մրցաշրջանում նվաճեց իր միակ չեմպիոնական տիտղոսը։
Այդ մրցաշրջանում «Բետիսը» համաքաղաքային ակումբի նկատմամբ 3:0 հաշվով անչափ կարևոր հաղոանակ տոնեց «Ներվիոն» մարզադաշտում։
«Սևիլիան» իր առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճեց 1945/46 մրցաշրջանում։ Այդ մրցաշրջանում դերբի չկայացավ, քանի որ «Բետիսը» դուրս էր մնացել բարձրագույն առաջնությունից։
Լա լիգայի և Սեգունդայի շրջանակում կողմերն անցկացրել են 102 հանդիպում, սակայն երկու ակումբների ֆուտբոլիստների և երկրպագուների համար առավել պատվաբեր է, երբ իրենց թիմը մրցակցին հաղթում է հյուրընկալվելիս։
1958 թվականին, երբ «Սևիլիայի» ներկայիս «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայացավ առաջին անդալուսական դերբին, «Բետիսը» հաղթեց 4:2 հաշվով, սակայն արդեն հաջորդ տարի «Սևիլիան» վրեժխնդիր եղավ և հյուրընկալվելիս հաղթեց 4:1 հաշվով։
Այդուհանդերձ, դեռ երկրպագուների հիշողություններում թարմ է, թե ինչպես «Բետիսը» 2018 թ. հունվարին «Սանչես Պիսխուանում» մրցակցին հաղթեց 5:3 հաշվով։
Եվս մեկ պատմական դիմակայություն կողմերի միջև կայացել է Եվրոպա լիգայի 2013/14 խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակում։
Դիմակայության առաջին խաղում «Բետիսը» հյուրընկալվելիս Լեո Բապտիստաոյի ու Սալվա Սևիլիայի խփած գոլերի շնորհիվ հաղթեց 2:0 հաշվով։
Սակայն, մեկ շաբաթ անց «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում կայացած խաղում «Սևիլիան» հաղթեց նույն հաշվով, իսկ այնուհետև մրցակցի նկատմամբ առավելության հասավ 11-մետրանոց «վիճակախաղում»` դուրս գալով մրցաշրի 1/4 եզրափակիչ։
Հետագայում «Սևիլիան» պայքարից դուրս թողեց նաև «Պորտուին» ու «Վալենսիային», իսկ եզրափակիչում 11-մետրանոցներով հաղթեց «Բենֆիկային»` նվաճելով Եվրոպա լիգայի 3 անընդմեջ տիտղոսներից առաջինը։
Պատմության մեջ միայն 9 ֆուտբոլիստներ են եղել, ովքեր երկու ակումբների կազմում էլ հանդես են եկել։
Առաջինը եղել է Խոակին Խիմենես Պոշտիգոն, ով անդալուսական երկու ակումբների կամզում էլ դարձել է Լա լիգայի չեմպիոն։
Երկու ակումբների կամում հանդես եկածներից ամենահայտնին Դիեգո Ռոդրիգեսն է, ով 1982-88 թթ. հանես գալով «Բետիսում», «ուղիղ» տրանսֆերով տեղափոխվեց «Սևիլիա», որի կազմում էլ խաղաց մինչև 1996 թ.։
Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը, ում օրոք «ֆուրիա ռոխան» 2008 թ. դարձավ Եվրոպայի չեմպիոն, այն բացառիկ մաչիչներից է, ով մարզել է թե՛ «Սևիլիան» և թե՛ «Բետիսը»։
# laliga, անդալուաական դերբի, Բետիս, Լա-լիգա, Սևիլիա