Սևիլիան հիասթափեցնում է․ Էլչեն փորձում է պահպանել տեղը Լա լիգայում 🎥
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» արտագնա խաղում ուժերը չափեց առաջնության հետնապահներից «Էլչեի» դեմ։
Առաջին խաղակեսում խաղադաշտում բավական հավասար պայքար ծավալվեց։ Խուլիեն Լոպետեգիի սաներն ունեին շոշափելի տարածքային առավելություն (69%), սակայն այն չէին կարողանում վերածել գոլի։ Կողմերը փոխանակվեցին երկուական հարվածներով, որոնք դիպուկ չէին։ Թիմերն ընդմիջման գնացին նույն հաշվով, որով և սկսել էին խաղը։
Երկրորդ կեսում էլ անդալուսական ակումբն ուներ առավելություն, սակայն Ֆրանսիսկո Էսկրիբայի թիմը չէր պատրաստվում հանձնվել, դեռ ավելին՝ «Էլչեն» շատ կարճ ժամանակահատվածում երկու գնդակի առավելություն ստացավ։
Նախ 70-րդ րոպեին հաշիվը բացեց Ռաուլ Գուտին, ապա 76-րդ րոպեին հետնապահների առավելությունն էլ ավելի մեծացրեց Գվիդո Կարիլիոն։
«Կարմրասևերը» խաղը փորձեցին բեկել միայն խաղավարտին մոտ։ 90-րդ րոպեին «Սևիլիայի» համար մեկ գնդակ հետ բերեց Լյուկ դե Յոնգը, սակայն ավելին անել չհաջողվեց։
Այսպիսով, «Էլչեն» 2։1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ, իսկ «Սևիլիան» բոլոր մրցաշարերի շրջանակում կրեց արդեն երրորդ անընդմեջ պարտությունը։
«Սևիլիան» մնաց 48 միավորով և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Ինչ վերաբերվում է «Էլչեին», ապա Ալիկանտեի երկրամասը ներկայացնող ակումբը վաստակեց 24 միավոր, լքեց վտանգավոր գոտին, շրջանցեց «Ալավեսին» ու «Էյբարին» և բարձրացավ 17-րդ հորիզոնական։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Գվիդո Կարիլիո, Էլչե, Լա լիգա, Լյուկ դե Յոնգ, Խուլիեն Լոպետեգի, Ռաուլ Գուտի, Սևիլիա, Ֆրանսիսկո Էսկրիբա