«Սրբերը» մեծ նվեր են մատուցում Յունայթեդին․ Լիվերի խնդիրները շարունակվում են🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում ավարտվեց 17-րդ տուրը։ Տուրի վերջին խաղում առաջնության առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 2-րդ րոպեին տանտերերը Դանի Ինգսի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
Յուրգեն Կլոպի սաներն արագ բաց թողած գոլից հետո շոկի ենթարկվեցին և երկար ժամանակ չէին կարողանում որևէ լուրջ վտանգավոր պահ ստեղծել «սրբերի» դարպասի մոտ։ Միայն 45+2-րդ րոպեին Սադիո Մանեի կատարած փոխանցումից հետո Մոհամեդ Սալահի կատարած գլխով հարվածը քիչ մնաց գոլով արվարտվեր։
Երկրորդ խաղակեսում մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները մեծացրին ճնշումը․ վերահսկում էին գնդակի ընթացքը, սակայն մրցակցի դարպասին «ուղիղ» հարվածն էր պակասում։ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները միայն 75-րդ րոպեին առաջին անգամ «ուղիղ» հարված կատարեցին Ֆրեյզեր Ֆոստերի դարպասի ուղղությամբ․ մյուս բոլոր դեպքերում կա՛մ շեղ էին հարվածել կա՛մ էլ «Սաութհեմպտոնի» պաշտպանները փակել էին հարվածի ճանապարհը։
Խաղավերջում «Լիվերպուլն» ակտիվացավ, ստեղծեց վտանգավոր պահեր, սակայն, խուսափել պարտությունից, այդպես էլ չհաջողվեց։
Հատկանշական է, որ «Լիվերպուլը» երրորդ խաղն անընդմեջ չի կարողանում հաղթանակ տոնել ԱՊԼ-ի շրջանակում՝ այդ խաղերում խփելով ընդամենը 1 գոլ։
Այսպիսով, «Սաութհեմպտոնը» մեծ նվեր է մատուցում «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Լիվերպուլն» այս պարտությունից հետո մնաց 33 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն հունվարի 12-ին «կարմիր սատանաները» 1-ին տուրից հետաձգված «Բյորնլիի» դեմ խաղում հաղթելու դեպքում, կշրջանցեն «Լիվերպուլին»՝ դառնալով առաջնության միանձնյա առաջատար։ «Յունայթեդի» ակտիվում նույնպես կա 33 միավոր, իսկ «Սաութհեմպտոնը» վաստակեց 29 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։
# ԱՊԼ, Դանի Ինգս, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուրգեն-Կլոպ, Ռալֆ Հազնհյութլ, Սաութհեմփթոն