Սպերցյանին 10-խաղյա որակազրկում է սպառնում
Սպերցյանին 10-խաղյա որակազրկում է սպառնում
05/10/2025 - 18:20

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեղադրվում է «Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում (2:0) մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգին ռասիստական վիրավորանք հասցնելու համար, գրում է Sport24-ը։

25-ամյա ֆուտբոլիստին այժմ 10-խաղյա որակազրկում է սպառնում։

«Համաձայն Ռուսաստանի ֆուտբոլային միության կանոնակարգի 1-ին հավելվածի 44-րդ կետի` Ֆուտբոլիստի կամ ակումբի պաշտոնյայի կողմից ատելություն ու թշնամանք հրահրելուն ուղղված, նաև անհատի կամ անձանց խմբի արժանապատվությունը նվաստացնող գործողությունները՝ հիմնված սեռի, ռասայի, ազգության, լեզվի, ծագման, կրոնական պատկանելության կամ որոշակի սոցիալական խմբի պատկանելության վրա, որոնք կատարվել են հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային լրատվամիջոցների կամ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերի, այդ թվում՝ համացանցի օգտագործման միջոցով, պատժվում են օրենքը խախտող խաղացողի կամ ակումբի պաշտոնյայի` մինչև 10 խաղով որակազրկմամբ և տուգանքով»,- նշվում է կանոնադրության մեջ։

26-ամյա Նդոնգը «Կրասնոդարի» հետ հանդիպման 85-րդ րոպեին Սպերցյանի ծնոտին հարվածելու համար հեռացվել է խաղադաշտից։

Խաղից հետո սենեգալցի ֆուտբոլիստը հայտնել է, որ Սպերցյանն իր հասցեին ռասիստական արտահայտություն է թույլ տվել.

«Խաղային միջադեպ էր ու խախտում չկար։ Մոտեցա Սպերցյանին` օգնեմ վեր կենա։ Ինչ-որ պահ անցավ, նա մոտեցավ ինձ և ասաց. «Փակի՛ր բերանդ, սևամորթ»։

Ես խելագար չեմ, որ հենց այնպես հարվածեմ նրան։ Ինչո՞ւ պետք է ստեմ, եթե նա նման արտահայտություն է թույլ տվել։ Սպերցյանը պորտուգալերենով վիրավորել է ինձ։ Ես էլ չկարողացա զսպել ինձ։

Փորձում էի կատարվածը բացատրել մրցավարին, բայց նա չլսեց ինձ և այդ պահին բախման դրվագն էր նայում VAR-ով»,- ասել է Նդոնգը, որի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Սպերցյանը նույնպես մեկնաբանել է կատարվածը.

«Ամբողջ խաղի ընթացքում Նդոնգը սադրել է ինձ։ Ես մի փոքր իսպաներեն գիտեմ, իսկ նա նորեկ է ՌՊԼ-ում և այնքան էլ լավ չի ճանաչում մեր լիգան։ Ես լսել եմ` ինչպես է ինձ ասում. «La concha tu madre»։ Բոլորն էլ գիտեն, թե ինչ է դա նշանակում։ Ես նրան պարզապես ասել եմ «cala boca», որը նշանակուն է «լռի՛ր»։

Փորձեց մի քանի անգամ հրել ինձ, իսկ այնուհետև հարվածեց։ Չգիտեմ` ինչու վարվեց այդպես։ Հիասթափեցրեց իր թիմին, իսկ այժմ փորձում է մի տեսակետ առաջ տանել, որը երբեք տեղի չի ունեցել։ Այժմ ստիպված եմ ատամներս բուժել։ Վերին շարքի մի քանի ատամներ կոտրվել են»,- հավելել է 25-ամյա ֆուտբոլիստը։

Սպերցյանն «Ախմատի» դեմ խաղում Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 10-րդ ասիստն է գրանցել` օգնելով աչքի ընկնել Դիեգո Կոստային։ Գործող չեմպիոն «Կրասնոդարն» 23 միավորով այժմ երրորդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025