Սպերցյանը ծանր վնասվածք է հասցրել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստին🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Կրասնոդարը» տանը 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին։
Դրվագներից մեկում տանտերերի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ոչ միտումնավոր ծանր վնասվածք հասցրեց «բանակայինների» ֆուտբոլիստ Վիլիան Ռոշային։ Այդ դրվագում հայ ֆուտբոլիստը «բաց» ոտքով հարվածեց բրազիլացի պաշտպանին։
Հանդիպումից հետո ԲԿՄԱ-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ 28-ամյա Ռոշան քայլել կարողանում էր միայն հենակների օգնությամբ։
Սպերցյանն արդեն ներողություն է խնդրել Ռոշայից.
«Առաջին հերթին, ցանկանում եմ ներողություն խնդրել Ռոշայից։ Միանաշանկ, չէի ցանկանում նրան վնասվածք հասցնել։ Ցանկանում եմ, որ նա հնարավորիս շուտ ապաքինվի։ Դիտել եմ դրվագը և, նույնիսկ, կարծում եմ, որ կարմիր քարտի խախտում էր դա։
Իրոք, չէի տեսել նրան քայլ առաջ անելիս։ Ոտքս շատ ուղիղ առաջ տարա։ Խաղի ընթացքում չես հասկանում, թե ինչպես է դա տեղի ունենում։ Դրվագից հետո ես մոտեցա նրան ու արյուն տեսա։ Այդ ամենը շատ սարսափելի էր։ Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում։ Ես այդպիսի ֆուտբոլիստ չեմ»,- մեջբերում է «Матч ТВ»-ը։
«Կրասնոդարը» ԲԿՄԱ-ի դեմ խաղում հաղթանակ է կորզել 90+1-րդ րոպեին Թորմենայի խփած գոլի շնորհիվ։ Հաղթական ասիստը կատարել է հենց Սպերցյանը։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը նոր մեկնարկած առաջնությունում տարել է առաջին հաղթանակը և 6 միավորով բարձրացել 7-րդ տեղ։ ԲԿՄԱ-ն 7 միավորով չորրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԲԿՄԱ, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, հայկական-ֆուտբոլ, ՌՊԼ, Վիլիան Ռոշա