Սլովակիայում ուզում են «Ուրարտուի» որակազրկված հավանական մրցակցին փոխարինել այլ ակումբով
Սլովակիայի ֆուտբոլային միությունն ուզում է որակազրկված «Դունայսկա Ստրեդայի» փոխարեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին մասնակցի այլ ակումբ, հաղորդում է տեղի պարբերականներից Teraz.sk-ն։
Օրեր առաջ ՈՒԵՖԱ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ և հայտնեց, որ «Դունայսկա Ստրեդան» հեռացվել է եվրագավաթային մրցաշարերից։
Սլովալիան ներկայացնող ակումբը և հունգարական «Դյոր» ակումբները նույն սեփականատերն ունեն։ Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության` թույլատրված չէ նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբների` միևնույն մրցաշարին մասնակցելը։
Տվյալ դեպքում մրցաշարին մասնակցում է ՈՒԵՖԱ-ի վարկանիշով ավելի բարձր դիրք ունեցող ակումբը, իսկ մյուսը որակազրկվում է։ Որակազրկման դեպքում էլ հաճախ ոչ մի փոխարինող ակումբ չի մասնակցում մրցաշարին։
Այդուհանդերձ, Սլովակիայի Nike Liga-ի ակումբները միահամուռ քվեարկել են, որ «Դունայսկա Ստրեդային» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում պետք է փոխարինի «Կոշիցեն»։
Կա հավանականություն, որ Սլովակիայի ֆուտբոլային միության թույլտվությամբ «Կոշիցեի» ու առաջնության Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի հատուկ փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում պարտված «Պոդբրեզովայի» միջև հանդիպում կկայանա, որի հաղթողն էլ մրցաշարում կփոխարինի «Դունայսկա Ստրեդային»։
Այդուհանդերձ, վերջնական որոշումն ՈՒԵՖԱ-ն է կայացնելու։ Շատ բան կախված է նաև Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանի վճռից, որն այժմ ուսումնասիրում է «Դունայսկա Ստրեդայի»` ՈՒԵՖԱ-ի` որակազրկման որոշումից հետո ներկայացված բողոքարկման հայտը։
Հիշեցնենք, որ «Դունայսկա Ստրեդան» վիճակահանությամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Ուրարտուին» մրցակիցը կլինի, եթե հայկական ակումբը հաղթահարի բելառուսական «Նեմանի» արգելքը։
Եթե «Դունայսկա Ստրեդայի» որակազրկումն ուժի մեջ մնա, «Ուրարտուն» «Նեմանի» հետ դիմակայությունը հաղթելու դեպքում միանգամից դուրս կգա Կոնֆերենցիաների լիգայի որակավորմայ երրորդ փուլ։
Հատկանշական է, որ վերոնշյալ հունգարական «Դյորն» էլ «Փյունիկի» մրցակիցը կլինի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, եթե Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կարողանա հաղթահարել Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորիին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Nike Liga, Դյոր, Դունայսկայա Ստրեդա, Կոնֆերենցիաների լիգա, Կոշիցե, Ուրարտու, Պոդբրեզովա, Սլովակիայի առաջնություն