Պաշտոնական․ Սերխիո Ագուերոն հեռանում է Մանչեսթեր Սիթիից
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։ Նա այդ մասին հատուկ գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում․
«Երբ որևէ բան ավարտվում է, շատ զգացողություններ են առաջանում։
Ինձ մոտ բավարարվածության և հպարտության զգացողություններ միշտ կլինեն, որ ամբողջ 10 մրցաշրջան եմ անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում, ինչը մեր օրերում հաճախ հանդիպող երևույթ չէ։
Այդ 10 մրցաշրջանների ընթացքում ես հասցրի դառնալ ակումբի պատմության լավագույն ռմբարկու և հաստատել անխորտակելի կապ այն բոլոր մարդկանց հետ, ովքեր սիրում են «Մանչեսթեր Սիթին»․ նրանք միշտ կլինեն իմ սրտում։
Ես ակումբին պետք է միանայի հենց 2011 թվականին՝ «Մանչեսթեր Սիթիի» վերակառուցման ժամանակահատվածում, ինչից հետո ղեկավարության և բազմաթիվ ֆուտբոլիստների ներդրումների շնորհիվ մենք տեղ գտանք աշխարհի մեծագույնների շարքում։ Այս արժանի գործը կշարունակեն մյուսները։
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես կշարունակեմ մինչև մրցաշրջանի ավարտն անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ավելի շատ տիտղոսներ հաղթենք և ավելի շատ ուրախացնենք երկրպագուներին։
Այնուհետև կսկսվի նոր փուլ նոր մարտահրավերներով, որոնց ես լիովին պատրաստ եմ դիմակայել նույն եռանդով և վարպետությամբ, ինչին ես միշտ ձգտել եմ, որպեսզի միշտ մնամ բարձունքում»,- գրել է Սերխիո Ագուերոն։
Հավելենք, որ Սերխիո Ագուերոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ազատ գործակալ։
Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» գույները պաշտպանում է 2011 թվականից։ Արգենտինացի ֆուտբոլիստը մինչ օրս մանկունյական ակումբի կազմում անցկացրել է 384 հանդիպում՝ դառնալով 257 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ։
Նա «քաղաքաբնակների» հետ 5 անգամ դարձել է Անգլիայի լիգայի գավաթակիր, 4 անգամ՝ Պրեմիեր լիգայի չեմպիոն, 3 անգամ՝ Անգլիայի սուպերգավաթակիր, 1 անգամ էլ՝ Անգլիայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Սերխիո-Ագուերո