Սաուդյան Արաբիայի արքայազնը ձեռք կբերի ԱՊԼ-ի ակումբներից մեկը
«Նյուքասլը» մոտ է նոր սեփականատեր ունենալուն։ Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանը պատրաստ է անգլիական ակումբը ձեռք բերել 400 մլն եվրոյի դիմաց։ Ակումբը ձեռք բերելուց հետո արքայազնը առաջին բանը, որը կանի, կհրավիրի բարձրակարգ մարզչի։
Ակումբի ներկայիս սեփականատեր Մայքլ Էշլին վերջին տարիներին փորձում է վաճառել ակումբի բաժնետոմսերը, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ Ռաֆայել Բենիտեսը հեռանա զբաղեցրած պաշտոնից, քանի որ սեփականատերը ոչ մի երաշխիք չի տվել, որ կկարողանա անհրաժեշտ տրանսֆերների համար գումար տրամադրել։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, իսպանացի մասնագետը կվերադառնա «Նյուքասլ», քանի որ բուքմեյկերները կտրուկ նվազեցրել են այդ իրադարձության գործակիցը։ Մյուս հավանական թեկնածուն Մասիմիլանո Ալեգրին է, ով «Յուվենտուսից» հեռանալուց հետո, դեռևս գործազուրկ է։ Այդ պաշտոնին հավակնում են նաև Մաուրիսիո Պոչետինոն, Սթիվեն Ջերարդն ու Ռոբերտո Մարտինեսը։
Ինչպես տեղեկացնում է The Shields Gazette-ն, «կաչաղակների» նոր հավանական սեփականատիրոջ կարողությունը գնահատվում է 1,5 տրիլիոն եվրո։
«Եթե նրանք պատրաստ են գնալ ակումբը, ապա պետք է սպասել նաև ներդրումներ։ Մեղմ ասած՝ նրանք գումարային խնդիր չունեն։ Նրանք ցանկանում են իշել և կանեն ամեն ինչ, որպեսզի ակումբը դառնա աշխարհում լավագույնը»,-նշում է աղբյուրը։
Նշենք, որ Մայքլ Էշլին ակումբը ղեկավարում է արդեն 13 տարի։ Այդ տարիների ընթացքում ակումբը ոչ բավարար ելույթների պատճառով բազմաթիվ անգամ քննադատության է ենթարկվել երկրպագուների կողմից։
# ԱՊԼ, Մայքլ Էշլի, Մաուրիսիո-Պոչետինո, Մասիմիլիանո-Ալեգրի, Մոհամեդ բին Սալման, Նյուքասլ, Ռաֆայել Բենիտես, Ռոբերտո Մարտինես, Սթիվեն Ջերարդ