Ռոնալդուն վերադարձավ «Երազանքների թատրոն». ի՞նչ սպասել այս գործարքից
2003 թվականն էր։ 18-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն առաջին հանդիպումն էր անցկացնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «Բոլթոնի» դեմ։ Հետագայում պորտուգալացի ֆուտբոլիստը անգլիական ակումբի հետ նվաճեց բոլոր հնարավոր ու անհնար տիտղոսները և 2009 թվականի ամռանը տեղափոխվեց «Ռեալ»։
Արդեն այսօր, երբ դրսում 2021 թվականն է, «Ռեալի» ու «Յուվենտուսի» կազմում ընդհանուր 572 հանդիպում անցկացնելուց և 552 գոլ հեղինակելուց հետո (խմբ.`451 գոլ «Ռեալի» կազմում, 101 գոլ՝ «Յուվենտուսի», իսկ ընդհանուր ողջ կարիերայի ընթացքում 1074 հանդիպում, 783 գոլ), 12 տարի անց Կրիշտիանուն վերադարձավ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել էր դեռ 2003-ին։
Գրողը տանի, այս պատմության մասին կարելի է ֆիլմ նկարել։ «Ռոնալդուն վերադառնում է տուն»,- բղավում էին բոլոր սոցցանցերն ու մարզական մամուլը։ Լինենք անկեղծ` շատ տգեղ կլիներ, եթե վերադառնար Անգլիա, սակայն հանդես գար այլ ակումբի կազմում, այլ ոչ թե «Յունայթեդի»։
Manchester Evening» պարբերականը լույս եկավ հանճարեղ «Welcome Back Son» վերնագրով` գլխավոր շապիկին Ռոնալդուի և Սըր Ալեքս Ֆերգյուսոնիվ նկարով` ակնարկելով Ֆերգիի մեծ ավանդի մասին այս տրանսֆերում։
Մի պահ վերադառնանք 2008 թվական։ «Մանչեսթեր Յունայթեդը» նոր էր նվաճել Պրեմիեր Լիգայի և Չեմպիոնների լիգայի տիտղոսները, իսկ Կրիշտինուն դարձել էր այդ երկու մրցաշարերի լավագույն ֆուտբոլիստը և լավագույն ռմբարկուն։ 2008 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալ Մադրդիը» ամեն կերպ ցանկանում էր գնել Կրիշին։
—Ես քեզ չեմ կարող թողնել, որ դու հեռանաս այս ամառ։ Նրանք պետք է հարգեն ինձ։ Դու կարող ես հեռանալ հաջորդ ամառ, բայց ոչ հիմա։
—Այո, իհարկե բոսս,- հատվածը՝ Սըր Ալեքսի ինքնակենսագրական գրքից։
Սա Կրիշտիանու Ռոնալդուի ու Սըր Ալեքս Ֆերգյուսոնի միջև զրույցն է 2008-ի ամռանը, երբ «Ռեալը» ամեն կերպ ցանկանում էր ձերք բերել պորտուգալացուն և ժամանակից շուտ փոխահամաձայնության մասին հայտարարել էին առանց շոտլանդացի մասնագետին հարցնելու, ինչը զայրացրել էր նրան։
Այս պատմությունը վերհիշեցինք, որպեսզի մի կարճ պատմությունով հասկանանք, թե ինչ արժեք ունի Ֆերգիի խոսքը Ռոնալդուի համար։
Այս տրանսֆերի իրականացման հարցում էլ մեծ ավանդ ունի հենց Սըր Ալեքսը։ Ինչպես հայտնում են ինսայդները նրա զանգը Կրիշտիանուի գործակալ Ժորժե Մենդեշին բեկումնային է եղել։
Քանի որ սխալ կլինի այս տրանսֆերի համար «դրական կամ բացասական» ձևակերպումներ տալը, եկեք քննարկենք այն «բացահայտ և ոչ բացահայտ» տեսանկյունից։
Բացահայտը
Կրիշտիանու Ռոնալդուն մեգանախագիծ է իր ամեն ինչով։ Երբ դեռ տեղի չէր ունեցել տրանսֆերը, Պեպ Գվարդիոլային հարցրին դրա վերաբերյալ, նա ասաց, որ Ռոնալդուն ու Մեսսին միակ ֆուտոբոլիստներն են, ովքեր իրենք են ընտրում որտեղ խաղալ, ոչ թե ակումբը, ֆուտբոլիստների խոսքն է վճռորոշը։ Իսպանացի մարզիչը բավական դիպուկ նկարագրեց, թե ինչ մեծություն է պորտուգալացին։
Այս ամենին գումարենք մեդիանախագծերը, գովազդներից եկամուտները, ասիական շուկայի գրավումը, և իհարկե, քաղաքական կողմը։
Ռոնալդուի տրանսֆերից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի արեժը բարձրացել են 9%` Նյու Նորքի Բորսայում ակումբի արժեքն աճելով 300 մլն դոլլարով։
Հիշո՞ւմ եք՝ դեռ այս տարվա գարնանը «ՄՅՈՒ»-ի երկրպագուները պահանջում էին Գլեյզերների և մասնավորապես Էդ Վուդվորդի հրաժարականները ու նույնիսկ օր էր որոշվել, թե երբ մարզական տնօրենը պետք է լքի իր պաշտոնը։ Այժմ դրա մասին նույնիսկ հասարակ խոսակցություն չկա, և տրանսֆերը նրանց փրկությունն է․ հավատացեք, այս գործարքով նրանք քավեցին իրենց մեղքերը, և եթե Ռոնալդուն սկսի գոլեր հեղինակել, ապա ընդհանրապես Գլեյզերները մանկունյանցիների աչքերում օտարներից կարող են վերածվել յուրայինների։
Կրիշտիանուն անբացատրելի պրոֆեսիոնալիզմի տեր անձնավորություն է, մարզիկների մեջ բացառիկը իր աշխատասիրությամբ։ Ջեյդոն Սանչոն, Մեյսոն Գրինվուդը և մյուս երիտասարդները հրաշալի փորձ կարող են ձեռք բերել` խաղալով ու մարզվելով աշխարհում լավագույններից մեկի կողքին։
Խաղային տեսանկյունից Օլե-Գունար Սուլշերն ստանում է իսկական գիշատիչի. պետք է պարզապես նրան ճիշտ օգտագործել։
Ոչ Բացահայտը
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը պետք բավական երկար մտածի ու աշխատի նոր խաղ կառուցելու համար, քանի որ այն, ինչը գործում էր նախկինում, հիմա արդեն Ռոնալդուի տեղափոխոությունից հետո այևս չի լինելու։
«Յուվենտուսում», չգիտես ինչու, անտեսեցին Զինեդին Զիդանի «Ռեալի» փորձը, որը Կրիշին վերածել էր մահացու զենքի տուգանային հրապարակում։ Եթե առաջին տարում Մասիմիլիանո Ալեգրին որոշ խաղեր կառուցում էր հենց Ռոնալդուի շուրջ (օրինակ` ՉԼ 2018/2019 մրցամրջանւ «Ատելետիկոյի» դեմ պատասխան հանդիպումը, երբ «Յուվեն» հաղթեց 3:0 հաշվով, իսկ պորտուգալացի ֆուտբոլիստը դարձավ հեթ-տրիկի հեղինակ), և պորտուգալացին, որպես կանոն, փայլում էր, ապա Մաուրիցիո Սարին և այնուհետև Անդրեա Պիռլոն լրիվ այլ ֆուտբոլ էին կառուցում, ինչը նվազեցնում էր Կրիշտինուի արդյունավետությունը։
Հաճախ Սուլշերը, հատկապես ուժեղ մրցակիցների դեմ խաղերում, անցնում էր անհատական պրեսինգի մարտավարությանը, բայց Ռունալդուի, ինչպես նաև Պոգբայի մասնակցությամբ, գործնականում անհնար է լինելու։
Ի՞նչ լուծում կարող է գտնել Սուլշերը
Իհարկե շատերին է հետաքրքրում, թե ինչ լուծում կգտնի նորվեգացի մարզիչը։ Ինչպես նշեցինք քիչ առաջ, կա նաև Զինեդին Զիդանի փորձը, բայց դրա համար պետք է «Մանչեսթերը» ավելի շատ տիրի գնդակին։ Մանկունյական ակումբի կիսապաշտպանությունն ադապտացված չէ այդպես խաղալու համար։
Մեկ այլ խնդիր է Պրեմիեր լիգայի թոփերի դեմ խաղերում միաժամանակ Պոգբային ու Կրիշտիանուին խաղադաշտ դուրս բերելը կամ էլ, օրինակ, պետք է այնպիսի կիսապաշտպան, ով կփակի եզրերից մեկը ու կպահպանի կենտրոնում թիմային հավասարակշռությունը, ինչպես անում են Նգոլո Կանտեն և Կազեմիրոն իրենց թիմերում։ Սուլշերի խնդիրը հենց այդ հավասարակշռվածությունն է, որը չափից շատ թեքվել է դեպի հարձակման օղակ։
Վերը թվարկած խնդիրների համար կան հետևյալ լուծումները․
1․ Ֆրեդ, Սքոթ Մաքթոմինայ. այս երկու ֆուտոբոլիստներից գոնե մեկը պետք է բացահայտվի նոր կողմից, որպես «նոր Կազեմիրո, Կանտե կամ թեկուզ Ֆեդե Վալվերդե»։ Եթե դա չստացվի, ապա պետք է նոր տրանսֆեր իրականացնել այդ դիրքում։
2․ Խաղալ առանց Պոգբայի` նրա փոխարեն մեկ այլ ավելի աշխատասեր ֆուտբոլիստով։
3․ Թիմին սովորեցնել ավելի երկար գնդակ պահել․ օրինակ Պոգբան կամ Բրունո Ֆերնանդեշը միշտ փորձում են կտրուկ սրել խաղը, իսկ, օրինակ, Զիդանի « Ռեալում» Տոնի Կրոսն ու ԼուկաՄոդրիչը ավելի շատ կառուցում էին խաղը` գնդակ պահելով։ «Մանչեսթերում» կառուցում է պետք։
Սուլշերը մի բան կմտածի, իսկ մենք մեծ հետաքրքությամբ կհետևենք դրան։
Լավագույն լուծման դեպքում մենք գերօգտակար Ռոնալդու կտեսնենք «Մանչեսթերում»։
Երևի թե այս անգամ էլ Ֆերգին զանգել է Ռոնալդուին ու ասել, որ նրա միակ տեղը Անգլիայում «Մանչեսթեր Յունայթեդն» է, իսկ պորտուգալացին պատասխանել է․ «Այո, իհարկե, բոսս»։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Կարեն Պողոսյան
# Կարեն Պողոսյան, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Պոլ-Պոգբա, Սըր Ալեքս Ֆերգյուսոն, վերլուծություն, տրանսֆերներ, Օլե-Գունար-Սուլշեր