Ռոբերտոն, հանուն Բարսելոնայում մնալու, էականորեն նվազեցրել է աշխատավարձը
Օրեր առաջ հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ, չնայած մի շարք խնդիրներին, «Բարսելոնան» ու Սերժի Ռոբերտոն, պայմանագրի երկարաձգման հարցում հասել են վերջնական համաձայնության։
Կողմերի միջև նոր պայմանագիրը կնքվելու է 1 տարով` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, իսպանացի ֆուտբոլիստը, հանուն «Բարսելոնայում» մնալու, համաձայնել է էականորեն նվազեցնել աշխատավարձը։
Գործող պայմանագրով, որն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, Ռոբերտոն վաստակում է տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ, սակայն երկարաձգումից հետո այն դառնալու է 5 մլն եվրո։
Հաղորդվում է, որ Ռոբերտոյի համար նախատեսված հավելավճարները նույնպես նվազեցվել են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 30-ամյա ֆուտբոլիստն ու «բլաուգրանան» պայմանագրի երկարաձգման հարցում չէին կարողանում համաձայնության հասնել, քանի որ «Բարսելոնան» մտադիր չէր բավարարել Ռոբերտոյի ֆինանսական պահանջները։
Բանակցությունները մտել էին փակուղի, սակայն իսպանացի կիսապաշտպանի գործակալը «Բարսելոնայի» ղեկավարությանը վերջերս առաջարկել էր վերսկսել դրանք, ինչի արդյունքում էլ կողմերը հասան համաձայնության։
Հայտնի է նաև, որ Ռոբերտոն առաջարկներ է ստացել մի շարք այլ ակումբներից, որոնք մերժել է։
Հավելենք, որ Սերժի Ռոբերտոն «Բարսելոնայի» սան է, որի կազմում անցկացրել է 316 հանդիպում` դառնալով 12 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Սերժի Ռոբերտո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո