Ռեալն օգտվեց Բարսելոնայի նվերից?
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում չեմպիոնության հավակնորդներից «Ռեալը» Սան Սեբաստիանում հյուրընկալվել էր Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռեալ Սոսիեդադին»։
Հանդիպման առաջին խաղակեսում խաղի տեմպը բավականին ցածր էր, ինչն էլ հանգեցրեց նրան, որ գրեթե գոլային պահեր չկային։ «Ռեալ Սոսիեդադի» մոտ բավականին շատ էր խաղային խոտանը, իսկ «Ռեալը» չէր կարողանում սուր գրոհներ անցկացնել։
Սակայն, ամեն դեպքում, «արքայական» ակումբը երկու վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ։ 33-րդ րոպեին հարձակման ձախ եզրում հարվածային դիրք դուրս եկավ Կարիմ Բենզեման, սակայն ֆրանսիացու հարվածից հետո բասկյան ակումբի դարպասապահ Ալեքս Ռեմիրոն փրկեց իր թիմին։
42-րդ րոպեին գրեթե նույն դիրքից վտանգավոր հարված կատարեց նաև Վինիսիուսը, սակայն Ռեմիրոն կրկին վստահ խաղաց։
Երկրորդ խաղակեսն առաջին խաղակեսի հակապատկերն էր և մեկնարկեց միանգամից խփված գնդակով։ 48-րդ րոպեին ձախ եզրում Վինիսիուսը գնդակը «պատ» խաղարկեց Մարսելոյի հետ, սուր անկյան տակ շրջանցեց մրցակցի երկու պաշտպաններին, դուրս եկավ հարվածային դիրք, սակայն Դիեգո Լիորենտեն բրազիլացի արագավազ ֆուտբոլիստին կանգնեցրեց միայն կանոնների խախտման գնով։ Նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացեց «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը։
63-րդ րոպեին հեռահար հարվածով փորձեց աչքի ընկնել Տոնի Կրոսը, սասկայն գերմանացու կատարած հիանալի հարվածից հետո Ալեքս Ռեմիրոն դարձավ գեղեցիկ սեյվի հեղինակ։
69-րդ րոպեին տանտերերին հաջողվեց խփել պատասխան գնդակը։ Փոխարինման դուրս եկած Ադնան Յանուզայը հեռահար հարվածով գրավեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասաը, սակայն հանդիպման մրցավարները չարձանագրեցին գոլը՝ պատճառաբանելով, որ «Ռեալ Սոսիեդադի» խաղացողներից մեկը, ով պասիվ խաղից դուրս վիճակում էր գտնվում, փակել է բելգիացի դարպասապահի տեսադաշտը, սակայն կրկնապատկերում էլ երևում էր, որ դա այդքան էլ այդպես չէ։
Այդ դրվագից վայրկյաններ անց «Ռեալը» կրկնապատկեց հաշվի տարբերությունը։ Ֆեդե Վալվերդեն հայտնվել էր հարձակման աջ եզրում, գնդակի համար պայքարում հաղթող դուրս եկավ մրցակցի 2-3 պաշտպանների հետ և կարողացավ գնդակը հասցնել տուգանային հրապարակում գտնվող Կարիմ Բենզեմային, ով կասեցրեց գնդակը, խաղից «դուրս» թողեց մրցակցի երկու պաշտպաններին և գրավեց դարպասը։
Այդ դրվագում էլ մրցավարները կասկածում էին, որ ֆրանսիացի հարձակվողը գնդակը կասեցրել է ձեռքով, սակայն VAR-համակարգի սենյակում նստած տեսակրկնապատկերների մրցավարները հուշեցին, որ Բենզեման խաղացել է ուսով։
Խաղավարտին մոտ «Ռեալ Սոսիեդադի» ֆուտբոլիստներին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ 83-րդ րոպեին աչքի ընկավ Միկել Մերինոն, սակայն տանտերերին չհաջողվեց փրկել հանդիպումը։
Այսպսիով, «Ռեալը» նվազագույն ուժեր ծախսելով՝ կարողացավ անչափ կարևոր հաղթանակ տանել Սան Սաբեստիանում։ Զինեդին Զիդանը խաղից առաջ մի շարք փոփոխություններ էր կատարել․ պահեստայինների նստարանին էին մնացել Էդեն Ազարը, Լուկա Մոդրիչը և Ֆերլան Մենդին, ինչը միանշանակ հասկանալի է, քանի որ երեք օրը մեկ հանդիպում անցկացնելը բավականին դժվար է, սակայն փաստ էր նաև, որ այդ փոփոխություններն ազդեցին նաև խաղի որակի վրա։ «Ռեալի» խաղում չկար այն սրությունն ու կրեատիվությունը, որը կար «Վալենսիայի» դեմ նախորդ խաղում, իսկ «Ռեալ Սոսիեդադի» մոտ անհավանական շատ էին փոխանցումների խոտանը։ Իմանոլ Ալգուասիլի սաները նույնիսկ եթե միմյանցից գտնվում էին 1-2 մետր հեռավորության վրա, միևնույնն է, կատարում էին սխալ փոխանցում։
Ամեն դեպքում, «արքայական» ակումբը վաստակեց 65 միավոր և հավասարվեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնային», սակայն մադրիդյան ակումբը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է առաջին հորիզոնականը, իսկ «Ռեալ Սոսիեդադը» 47 միավորով 5-րդն է։
# Բարսելոնա, Լա-լիգա, Կարիմ-Բենզեմա, Միկել Մերինո, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ, Սերխիո-Ռամոս