Ռանոսը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է կարիերան Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող Ֆորտունայի «Դյուսելդորֆում» շարունակելուն։
Gladbach Live-ը գրում է, որ այս գործարքի հավանականությունը մեծացավ այն բանից հետո, երբ Դյուսելդորֆը ներկայաղնող ակումբն անցումային խաղում չկարողացավ հաղթահարել «Բոխումի» արգելքն ու նվաճել Բունդեսլիգայի ուղեգիր։
Ըստ աղբյուրի` եթե «Ֆորտունան» նվաճեր Բունդեսլիգայի ուղեգիր, ակումբը Ռանոսի տարբերակը չէր դիտարկելու։ Այժմ Դյուսելդորֆցիները նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում են ամրապնդել հարձակման կրակածայրը, որի ամենահավանական թեկնածուն 20-ամյա Ռանոսն է։
Հաղորդվում է, որ «Բորուսիան» պատրաստ է Ռանոսին բաց թողնել միայն վարձավճարով։
Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը 2023 թ. ամռանն է «Բավարիայի» երկրորդ թիմից ազատ գործակալի կարգավիճակում համալրել «Բորուսիայի» կազմը։ Հայ ֆուտբոլիստը ոչ մի կերպ չկարողացավ ամրապնդվել նոր ակումբում, որի հիմնական թիմում մասնակցել է միայն 10 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում` դաշտում անցկացնելով ընդամենը 60 րոպե։
Ռանոսը վերջին պաշտոնական հանդիպմումն անցկացրել է այս տարվա ապրիլի 6-ին, երբ «Բորուսիա II»-ի կազմում Ռեգիոնալ լիգայում մասնակցել է «Լիպշտադտի» դեմ խաղի առաջին կեսին։ Դրանից հետո նա կոճի վնասվածք է ստացել և ապաքինվում է մինչև հիմա։ Վնասվածքի պատճառով հարձակվողը բաց է թողնելու նաև Հայաստանի հավաքականի` Սլովենիայի ու Ղազախստանի դեմ ընկերական խաղերը։
Ավելացնենք, որ Ռանոսը «Բորուսիայի» երիտասարդական թիմում 8 խաղում խփել է 3 գոլ, կատարել 4 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա Մյունխենգլադբախ II, Բունդեսլիգա, Գրանտ-Լեոն Ռանոս, Երկրորդ Բունդեսլիգա, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ, Ֆորտունա