Մբապեն ու Դանիլոն փրկեցին Պոչետինոյի դեմքը` կամային հաղթանակ պարգևելով ՊՍԺ-ին🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 10-րդ տուրի մեկնարկային խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Անժեի» դեմ։
Հանդիպումը մեկնարկեց և ընթանում էր Մաուրիսիո Պոչետինոյի սաների առավելությամբ, ովքեր ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն չկարողացան բացել խաղի հաշիվը։
36-րդ րոպեին էլ «Անժեի» ֆուտբոլիստներն իրենց սակավաթիվ գրոհներից մեկը վերածեցին գոլի. աչքի ընկավ Անժելո Ֆյուլժենին։
Կողմերն ընդմիջման գնացին հյուրերի նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսում էլ ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին երկար ժամանակ չէր հաջողվում վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն, ամեն դեպքում, նրանք կարողացան բեկել հանդիպման ընթացքն, ովքեր ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև հաղթանակ կորզեցին։
Նախ 69-րդ րոպեին աչքի ընկավ Դանիլո Պերեյրան, ապա 87-րդ րոպեին` Կիլիան Մբապեն, ով հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» ծանր պայքարում 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Անժեի» նկատմամբ, վաստակեց 27 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
«Անժեն» մնաց 16 միավորով և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անժելո Ֆյուլժենի, Անժեր, Դանիլո Պերեյրա, Լիգա-1, Կիլիան-Մբապե, Մաուրիսիո-Պոչետինո, ՊՍԺ