Պորտուգալիա . Եվրո-2020-ի ամենահամառ ու ամենաբազմազան ֆավորիտը

Պորտուգալիա . Եվրո-2020-ի ամենահամառ ու ամենաբազմազան ֆավորիտը

15/06/2021 - 18:15

Հունիսի 15-ին Եվրո-2020-ի շրջանակում պայքարի մեջ է մտնում մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը։

Ֆերնանդու Սանտուշի թիմը բաղկացած է փորձառու ֆուտբոլիստներից և երիտասարդ աստղերից, և այս քիմիական համադրությունից ամեն ինչ սպասելի է՝ կատարյալ ֆիասկոյից, մինչև փառահեղ հաղթանակ։


2016-ի հաղթանակը Պորտուգալիայի ազգային թիմը պարզապես քամեց, դիմացավ և վերջապես հասավ իր բաղձալի նպատակին։ Այսինքն, այս կազմն այդ թանկագին փորձը ունի։
Տարբեր ժամանակներում պորտուգալացիները ունեցել են տաղանդավոր ազգային թիմ, բայց նման համադրություն երբեք չի եղել։ Դատեք ինքներդ․ Կրիշտիանու Ռոնալդուն և երիտասարդ Ժոաո Ֆելիշը ու Բրունո Ֆեռնանդեշը, բազմափորձ Պեպեն և երիտասարդ Ռուբեն Դիաշն ու «Սպորտինգի» ծագող աստղ Նունու Մենդեշը։

Տակտիկական ուղղվածությունը


Ֆերնանդու Սանտուշի գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականը սովորաբար խաղում է 4-3-3 տակտիկական դասավորությոամբ, բայց խաղի ընթացքում էլ կարող է վերափոխվել 4-4-2-ի կամ 4-2-3-1-ի։
Եզրային պաշտպանները լայն են խաղում, ինչը հնարավորություն է տալիս կիսպաշտպաններին, օրինակ, Դիոգու Ժոտային, Ժոաո Ֆելիշին կամ Բերնարդու Սիլվային շարժվել դեպի կենտրոն՝ այնտեղ թվային առավելություն ստանալու համար։


Ավելի պաշտպանողական թիմի դեմ վերը նշված տեղաշարժերը շատ կարևոր են, քանի որ այդպես կենտրոն տեղափոխված ֆուտբոլիստները պաշտպանվող թիմի խաղացողներին ստիպում են հետևել նրանց, այդպես եզրերը բացվում են եզրային պաշտպանների համար, իսկ եթե պաշտպանվող թիմը կիրառում է դիրքային հսկողություն, ապա թվային առավելություն պորտուգալացիները ստանում են կենտրոնում։
Կիսապաշտպանությունում Ռոբեն Նևեշի և Բրունո Ֆերնանդեշի առկայությունը ավելի բազմազան է դարձնում պորտուգալացիների գրոհի զինանոցը, քանի որ երկուսն էլ տիրապետում են թե՛ կարճ, թե՛ երկար փոխանցումների, ինչպես նաև կարող են հեռվից հարվածներ կատարել։

Խաղացողները

Պորտուգալայի հավաքականը բազմազան ու տարբեր որակներ ունեցող ֆուտբոլիստներ ունի։ Այստեղ պետք է մարզչի վարպետությունը, որպեսզի այսքան տարբեր հոյակապ մրգերից լավագույն հյութը ստանա։

Եթե ասում ենք Պորտուգլիայի հավաքական, ապա անմիջապես հասկանում ենք Կրիշտիանու Ռոնալդու։ Առանց այս ֆուտբոլիստի անհնար է պատկերացնել Ֆերնանդու Սանտուշի թիմը։ Նման ֆուտբոլիստի առկայությունը մեծ առավելույթյուն է։

Հունգարիայի դեմ հանդիպումից առաջ տեղի ունեցած նախախաղային ասուլիսի ժամանակ Ռոնալդուն նշեց, որ իր համար միևնույնն է, թե որ դիրքում կխաղա. կարևորը թիմին օգտակար լինելն է։

Կրիշտիանուն միշտ մեկնարկում է ձախից, բայց նա կարող է տեղափոխվել հարձակման կենտրոն, որտեղ շատ ավելի վտանգավոր է։
36-ամյա պորտուգալացին մինչև հիմա գլխավոր աստղն ու առաջատարն է իր ազգային թիմի։ Այսքան տարիների ընթացքում շատ տաղանդավոր սերունդներ են ընդրգկվել հավաքական, բայց անբեկանելի առաջատարը և լավագույնը մնում է Կրիշտիանուն։ Պորտուգալիայի հավաքականի ավագը մասնակցում է իր հինգերորդ Եվրոպայի առաջնությանը, հինգերորդ, պատկերացնո՞ւմ եք, իսկ մեկնարկը եղել է հեռավոր 2004-ին, երբ տնային մրցաշարում Պորտուգալիան եզրափակչում պարտվեց Հունաստանին։ Դրանից հետո եղան երեք անհաջող փորձեր, այնուհետև 2016-ի փառահեղ հաղթանակը։ Նման համառությանը կարելի է նախանձել։

Սանտուշի համար մեծ խնդիր է Ժոաո Կոնսելուի բացակայությունը։ Հիշեցնենք, որ վերջին պահին «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը կորոնավիրուսով է վարակվել։

Կոնսելուին կարող է փոխարինել Նելսոն Սեմեդուն, բայց խնդիրն այն է, որ վերջինս չի կարող խաղալ կենտրոնում։ Սեմեդուն դասական եզրային պաշտպան է։ Ի դեմս Կոնսելուի կորստի` Պորտուգալիան աջ եզրում կորցնում է իր բազմազանությունը։ Իհարկե, հնարավորություն կա, որ Կոնսելուն կարող է առողջանալուց հետո միանա ազգային թիմին, սակայն դա էլ կախված է, թե որքան կտտևի նրա վերականգնողական շրջանը։

Մյուս հրավիրված ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են։ Ռենատու Սանչեսը, ով 2016-ի Եվրոպայի առաջնույան հայտնությունն էր, տեղափոխվելով Մյունխենի «Բավարիա», ոչնչով աչքի չընկավ, բայց հետագայում սկսեց կրկին փայլել և «Լիլի» հետ Ֆրանսիայի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճած հենակետայինը կրկին կարող է վերադարձնել իր «բուլդոգ» մականունը։

Երիտասարդ Ռուբեն Դիաշ ուղղակի փայլեց «Մանչեսթեր Սիթիի» կազմում, իսկ «Սպորտինգի» 18-ամյա ձախ պաշտպան Նունու Մենդեշը արդեն մի քանի գրանդներից առաջարկներ է ստացել։


Ժոաո Ֆելիշը, ով Դիեգո Սիմիոնեի դավանած ֆուտբոլի հետևանքով չի կարողանում իր լավագույն որակները դրսեվորել, այս մրցաշարը իսկական հնարավորություն է ապացուցել, որ խնդիրն «Ատլետիկոյի» մարտավարությունն է, այլ ոչ թե իր խաղային որակները։

Այս Պորտուգալայի հավաքականը բաղկացած է փորձից և էնտուզիազմով լի երիտասարդներով։ Տաղանդները շատ են։ Խնդիրը մարզչի մարտավարությունն է։
Չի կարելի սպասել անակնկալ տակտիկական սխեմայի, կամ մարտավորության, բայց հույս ունենք, որ Սանտուշն իր ֆուտբոլիստների չի սահմանափակի հատուկ առաջադրանքներով, այլ, ընդհակառակը, կբացահայտի էլ ավելի գունեղ կողմերով։ Այս թիմը թևեր ունի, միայ թե չի կարելի արգելել նրան թռչել։

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023