Պաշտոնական․ Հոլանդիայի առաջնությունն այլևս չի վերսկսվի․ առաջնությունը չի ունենա չեմպիոն
Ինչպես տեղեկացնում է հոլանդական Էրեդիվիզիայի պաշտոնական կայքը, 2019/20 մրցաշրջանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով այլևս չի վերսկսվի։
«Բոլոր մարդկանց, այդ թվում՝ ֆուտբոլիստների, մարզիչների, րկրպագուների, ակումբների աշխատակիցների, մրցավարների համար միանգամայն պարզ է, որ մարդկային կյանքն ու նրանց առողջությունն ամենաառաջնայինն են։ Այս որոշումը կապված է միայն կորոնավիրուսի պատճառով ստեղծված համաճարակի հետ, քանի որ այն հասարակությանը մեծ վնաս է հասցնում։ Այդ որոշումը չի ենթադրում որևէ ֆուտբոլային ենթատեքստ։ Մենք գիտակցում ենք, որ այս որոշումը կհիասթափեցնի շատ մարդկանց»,- նշվում է պաշտոնական հայտարարության մեջ։
Նշենք, որ չնայած առաջնությունը մնաց անավարտ, սակայն որևէ ակումբ այդպես էլ չի հռչակվի չեմպիոն։ Հոլանդիայի առաջնությունը դադարեցման պահին գլխավորում էր «Այաքսը»։ Մայրաքաղաքը ներկայացնող ակումբը վաստակել էր 56 միավոր։ Նույնքան միավոր ուներ նաև Ալկմարը ներկայացնող ԱԶ-ն: Ռոտերդամի «Ֆեյնորդը» 50 միավորով երրորդն էր։
Նույն սկզբունքով առաջնությունը չեն լքի նաև վտանգավոր գոտում գտնվող ակումբները։ Մրցաշարային աղյուսակը 15 միավորով եզրափակում էր «Վալվեյկը», «ԱԴՕ Դեն Հաագ»-ն ուներ 19 մավոր՝ զբաղեցնելով նախավերջին հորիզոնականաը։
Հաջորդ մրցաշրջանում եվրագավաթային ուղեգրերը կբաշխվեն ըստ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքերի։
Հիշեցնենք, որ Էրեդիվիզան մարտին անորոշ ժամանակով դադրաեցվել էր։ Հետագայում Նիդեռլանդների կառավարությունը որոշում էր կայացրել, որ մինչև սեպտեմբերի 1-ը երկրում որևէ պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցաշար չպետք է անցկացվի։
# ԱԶ-Ալկմար, Այաքս, Էրեդիվիզիա, կորոնավիրուս, Ֆեյնորդ