Պաշտոնական. Յուվենտուսի կիսապաշտպանը որակազրկվեց 7 ամսով
Ինչպես տեղեկացնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին որակազրկվել է 7 ամսով անօրինական խաղադրույքներ կատարելու համար։
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դատախազությունը համաձայնության է հասել 21-ամյա ֆուտբոլիստի հետ, ինչի արդյունքում վերջինս որակազրկվել է 7 ամսով։ Իտալացի կիսապաշտպանը տուգանվել է նաև 12.500 եվրոյով։
Որոշվել է ևս 5 ամսվա որակազրկումը փոխարինել առնվազն 6 ամիս տևողությամբ պարտադիր թերապիայով։
Բացի այդ, Ֆաջիոլին 5 ամսվա ընթացքում պետք է մասնակցի առնվազն 10 հանրային միջոցառման սիրողական սպորտային ասոցիացիաներում և մոլախաղերից կախվածությունից ազատվելու կենտրոններում: Այդ ծրագիրն առաջարկելու է ֆեդերացիան։
Նշվում է, որ համաձայնագրի պայմանները խախտելու դեպքում դատախազությունը միջոցներ կձեռնարկի այն չեղարկելու և կարգապահական վարույթը վերսկսելու ուղղությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Յուվենտուս, Նիկոլո Ֆաջիոլի