Պաշտոնական. Ժերար Պիկեն ավարտում է կարեիան
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին.
«Անցնող շաբաթների և ամիսների ընթացքում շատերն են խոսել իմ մասին: Մինչ այժմ ես լռել եմ, իսկ հիմա եկել է խոսելու պահը։
Ինչպես ձեզնից շատերը, ես միշտ եղել եմ «Բարսայի» երկրպագու: Ես ծնվել եմ ֆուտբոլասերների և «Բարսելոնայի» երկրպագուների ընտանիքում։ Երբ փոքր էի, ցանկանում էի դառնալ ոչ թե ֆուտբոլիստ, այլ «Բարսայի» խաղացող։
Վերջերս ես շատ էի մտածում այդ տղայի մասին: Չգիտեմ էլ` ինչ կլիներ, եթե այն ժամանակ նրան ասեին, որ իր բոլոր երազանքներն իրականանալու են, որ նա հայտնվելու է «Բարսայի» առաջին թիմում, նվաճելու է բոլոր հնարավոր գավաթները, դառնալու է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, խաղալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ և դառնալու է թիմի ավագներից մեկը և գտնելու է ընկերներ ամբողջ կյանքի համար։
Արդեն 25 տարի է, ինչ ես միացել եմ «Բարսելոնային»: Ես հեռացա, սակայն վերադարձա։ Ֆուտբոլը, «Բարսելոնան» ու կուլեսն ինձ ամեն ինչ տվել են։
Եվ հիմա, երբ այս տղայի բոլոր երազանքներն իրականացել են, ես ուզում եմ ձեզ տեղեկացնել իմ որոշման մասին, որ ժամանակն է ավարտել այս ճամփորդությունը: Ես միշտ ասել եմ, որ, բացի «Բարսայից», այլ թիմում հանդես չեմ գա։ Եվ այդպես էլ կլինի։
Շաբաթ օրվա խաղը կլինի իմ վերջին հանդիպումը «Կամպ Նոու» մարզադաշտում։ Ես միշտ կլինեմ ակումբի երկրպագու, կաջակցեմ թիմին։ Ես իմ սերը «Բարսայի» հանդեպ կփոխանցեմ երեխաներիս, ինչպես դա արել են ծնողներս:
Դուք ինձ լավ եք ճանաչում. ես վաղ թե ուշ կվերադառնամ»,- նշել է Պիկեն սոցցանցերի իր էջերում տարածած տեսանյութում։
Նշենք, որ Պիկեն «բլաուգրանայի» մարզադպրոց ընդունվել է դեռևս 1997 թվականին, որտեղ հանդես է եկել մինչև 2004 թ., ինչից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» (23 հանդիպում, 2 գոլ և 1 գոլային փոխանցում)։
Պիկեն 2006/07 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Սարագոսայի» կազմում` (28 հանդիպում, 3 գոլ)։
Իսպանացի պաշտպանը 2008 թվականին վերադարձավ «Բարսելոնա», որի կազմում հանդես էր գալիս մինչ օրս` անցկացրած 615 խաղում դառնալով 53 գոլի և 15 գոլային փոխանցման։
Ժերար Պիկեն կարիերայում 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7 անգամ` Իսպանիայի գավաթակիր, 6 անգամ` Իսպանիայի Սուպերգավաթակիր, 4 անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող, 3 անգամ` աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն, 3 անգամ` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, մեկական անգամ էլ` անգլիական Պրեմիեր լիգայի չեմպիոն, Անգլիայի Լիգայի գավաթակիր և Անգլիայի Սուպերգավաթակիր։
Նշենք, որ Պիկեն նաև 5 գոլի հեղինակ է դարձել նաև Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած 102 խաղում։
Պիկեն «ֆուրիա ռոխայի» կամզում 2010 թվականին դարձել է աշխարհի, իսկ 2012 թվականին` Եվրոպայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Իսպանիայի հավաքական, Լա-լիգա