ՉԼ 1/8 եզրափակիչի երկու հանդիպում, հնարավոր է, անցկացվի չեզոք դաշտում` կապված պարտադիր պատվաստման հետ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին, իսկ «Լիլ» – «Չելսի» դիմակայության պատասխան հանդիպման անցկացման վայրերը, հնարավոր է, փոխվեն` կապված կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադիր լինելու հետ։
Ինչպես հայտնում է ESPN-ը, Ֆրանսիայում օրենսդրական մակարդակով բոլոր սպորտային իրադարձություններին մասնակցող մարզիկներին պարտավորեցնում են լինել կորոնավիրուսի դեմ պատվաստված, ինչը կարող է խոչընդոտել մադրիդյան և լոնդոնյան ակումբների չպատվաստված ֆուտբոլիստներին մուտք գործել այդ երկիր։
«ՈւԵՖԱ-ն մշտապես կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ ամբողջ Եվրոպայում՝ փետրվարին եվրագավաթային մրցաշարերի վերսկսումից առաջ:
Յուրաքանչյուր երկրում խաղերի անցկացման կոնկրետ պայմանները կախված են տվյալ երկրի իրավասու մարմինների որոշումներից:
Յուրաքանչյուր ակումբ պետք է հետևի այն երկրի համաճարակային կանոնները, որտեղ հանդիպում է անցկացնելու, սակայն եվրագավաթային հանդիպումների համար մշակվում են կորոնավիրուսի համար հատուկ օրենքներ և հնարավոր են նաև փոփոխություններ»,- նշվում է ՈՒԵՖԱ-ի տարածած հայտարարության մեջ։
Աղբյուրի փոխանցմամբ` հնարավոր է, որ այդ հանդիպումներն անցկացվեն չեզոք մարզադաշտերում։
Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության` նման իրավիճակներում հանդիպման տանտեր ակումբը պետք է առաջարկի խաղն անցկացնելու այլընտրանքային տարբերակ և այն պետք է լինի չեզոք երկրում։
Հատկանշական է, որ տարբեր հետազոտություններ պարզել են, որ անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների 16%-ը չեն ստացել կորոնավիորսի դեմ պատվաստանյութի նույնիսկ մեկ չափաբաժին, սակայն «Չելսին» չի արձագանքել այս տեղեկատվությանը։
Հավելենք, որ ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին, իսկ «Լիլ» – «Չելսի» հանդիպումը` մարտի 16-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիլ, կորոնաճգնաժամ, կորոնավիրուս, ՈւԵՖԱ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ