ՉԼ. Հայտնի դարձավ որակավորման նախնական փուլի հաղթողը
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման նախնական փուլը։
Փոքրիկ մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Վիկինգուրն» (Իսլանդիա) ու «Ինտեր Էսկալդեսը» (Անդորրա)։
Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 68-րդ րոպեին իսլանդական ակումբին հաղթանակ պարգևեց Քրիսթալ Մանի Ինգասոնը։
Այսպիսով, «Վիկինգուրը» հաղթեց 1:0 հաշվով ու նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի ուղեգիր, որի շրջանակում կմրցի շվեդական «Մալմյոյի» դեմ։
Նշենք, որ «Ինտեր Էսկալդեսն» էլ պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և մրցելու է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Կլուժ» դիմակայության պարտվողի դեմ։
Հիշեցնենք, որ որակավորման նախնական փուլին մասնակցում էին նաև «Լա Ֆիորիտան» (Սան Մարինո) և «Լևադիան» (Էստոնիա), որոնք պարտություններ կրեցին կիսաեզրափակիչներում ու պայքարը կշարունակեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցեն համապատասխանաբար «Բալկանի» (Կոսովո) – «Ժալգիրիս» (Լիտվա), «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) – «Հիբերնիանս» (Մալթա) զույգերի պարտվողների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2022/23 մրցաշրջան, Ինտեր Էսկալդես, Լա Ֆիորիտա, Լևադիա, Կոնֆերենցիաների լիգա, Չեմպիոնների-լիգա, Վիկինգուր Ռեյկյավիկ, Փյունիկ-Կլուժ