Չի խանգարում նույնիսկ մեկ ֆուտբոլիստի պակասը․ Միլանը մրցակիցներ չի ճանաչում 🎥
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Բենեվենտոյի» դեմ։
Միլանյան ակումբը շարունակում է փայլել՝ հաղթելով 0։2 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց 15-րդ րոպեին, երբ «ռոսոներիները» 11-մետրանոց հարված վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Ֆրանկ Կեսիեն՝ առաջ մղելով իր թիմին։
Հանդիպման 34-րդ րոպեից «Միլանը» խաղը շարունակեց 10 ֆուտբոլիստով։ Կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց Սանդրո Տոնալին։
«Միլանին» չխանգարեց նույնիսկ մեկ ֆուտբոլիստի պակասը և 49-րդ րոպեին Ռաֆայել Լեաուի ջանքերով հաշիվը դարձավ 0։2։
61-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Ֆաբրիսիո Պասկան այս անգամ արդեն 11-մետրանոց հարված նշանակեց «Միլանի» դարպասին, սակայն Ջանլուկա Կապրարիի հարվածը շեղ է ստացվում։
Խաղավարտին մոտ երկու ակումբներն էլ աչքի ընկնելու հնարավորություններ ունեին, սակայն հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չեղավ և «Միլանը» հաղթեց 0։2 հաշվով։
«Միլանն» այս հաղթանակից հետո վաստակեց 37 միավոր, շրջանցեց «Ինտերին» և կրկին բարձրացավ 1-ին հորիզոնական։ «Ներաձուրիներն» իրենց ակտիվում ունեն 36 միավոր, իսկ «Բենեվենտոն» 18 միավորով 10-րդն է։
# Ա-սերիա, Բենեվենտո, Ինտեր, Միլան, Ռաֆայել Լեաու, Ֆրանկ Կեսիե