ՈՒԵՖԱ-ն ցանկանում է փոփոխել Չեմպիոնների լիգայի ձևաչափը՝ զգուշանալով Սուպերլիգայի հավանական ստեղծումից
Զգուշանալով այն գաղափարից, որ եվրոպական ակումբները մտադիր են ստեղծել Սուպերլիգա` ՈւԵՖԱ-ն պատրաստվում է փոխել Չեմպիոնների լիգայի ձևաչափը ։ Այս մասին տաղեկանում ենք As-ի էջերից։
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն արդեն սկսել է բանակցել եվրոպական հինգ առաջնությունների ակումբների ներկայացուցիչների հետ։ Խոսքը «Ռեալի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ֆեներբախչեի» մասին է։
Ձևաչափի փոփոխման արդյունքում կարող է ստեղծվել առաջնություն, որի վրա իր ազդեցությունը կունենան ՈւԵՖԱ-ն և մասնակից ակումբները։
Չեֆերինը պատրաստ է մեծացնել թոփ ակումբների ազդեցությունը նորաստեղծ առաջնության վրա, ինչպես նաև կազմել ֆինանսների վերաբաշխման նոր համակարգ, որը կբավարարի ազդեցիկ ակումբներին։
Ըստ նախնական պայմանավորվածության՝ նախագիծը կգործի 9 տարի ժամանակահատվածով, իսկ առաջնության մեկնարկը նախատեսվում է 2024 թվականին։
Հաղորդվում է, որ եթե կողմերը արագ իրենց համաձայնությունը տան նորաստեղծ առաջնությանը մասնակցելու շուրջ, ապա այն կարող է մեկնարկել 2023, կամ նույնիսկ 2022 թվականին։
Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը կարող է ազդել նաև ներքին առաջնությունների վրա, որոնց մասնակից ակումբների քանակը կարող է սահմանափակվել 16-18 թիմերով, որոնք կանցկացվեն 4-5 փուլերով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն հայտարարել էին, որ Սուպերլիգայի ստեղծման դեպքում նրա շրջանակում որևէ հանդիպում անցկացրած ակումբին կամ ֆուտբոլիստին կզրկեն իրենց հովանու ներքո ելույթ ունենալու հնարավորությունից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր-Չեֆերին, Գալաթասարայ, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, ՈւԵՖԱ, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա, ՖԻՖԱ