Շյեսնին կտեղափոխվի Բարսելոնա ու կվերսկսի կարիերան
Անվանի լեհ դարպասապահ Վոյցեխ Շյեսնին կտեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պայմանավորված ակումբի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի ծանր վնասվածքով` «բլաուգրանան» որոշել է փոխարինող ձեռք բերել։
Ըստ աղբյուրի` 34-ամյա Շյեսնին մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։ Ֆուտբոլիստը մոտ օրերս բուժզննում կանցնի կատալոնական ակումբի համար։
««Բարսան» աշխարհի լավագույն ակումբներից է, և հաստատում եմ, որ բանակցություններ ենք վարում։
Հասկանում եմ այն իրավիճակը, որում ակումբը հայտնվել է Տեր Շտեգենի վնասվածքից հետո, և կարծում եմ, որ անհարգալից կլիներ, եթե չդիտարկեի այս տարբերակը»,- մեջբերում է Diario Sport-ը։
Վոյցեխ Շյեսնին այս տարվա օգոստոսի 27-ին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ Նրա նախորդ ակումբը Թուրինի «Յուվենտուսն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2017 թ. հուլիսից և 252 խաղում 103 անգամ պահել է անառիկ։
Լեհ դարպասապահը նաև հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում» (181 հանդիպում, 72 «չոր» խաղ), «Ռոմայում» (81 հանդիպում, 23 «չոր» խաղ) և «Բրենթֆորդում» (28 խաղ, 10 «չոր» խաղ)։ Շյեսնին Լեհաստանի հավաքականում 84 խաղում 34 անգամ դարպասը պահել է անառիկ։
Հիշեցնենք, որ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեհաստանի հավաքական, Յուվենտուս, Վոյցեխ Շյեսնի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո