Շմեյխելը կրկին լավագույնն էր Դանիայում
Ինչպես տեղեկացնում է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է երկրի լավագույն ֆուտբոլիստ։
Քվեարկության արդյունքում 34-ամյա դարպասապահը հավաքել է ընդհանուր ձայների 36․5%-ը։ Նրան հաջորդում են կիսապաշտպան Պիեր-Էմիլ Հոյբերգը («Սաութհեմպտոն»/«Տոտենհեմ», 35%) և պաշտպան Սիմոն Կյայերը («Միլան», 28․5 %)։
Շմեյխելն իր կարիերայի ընթացքում արդեն երրորդ անգամ է այս նվաճմանը հասնում․ նա լավագույնն էր նաև 2016 և 2019 թվականներին։
Հիշեցնենք, որ Կասպեր Շմեյխելը Դանիայի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելի որդին է, ով 1992 թվականին ազգային հավաքականի կազմում արժանացել է Եվրոպայի չեմպիոնի կոչմանը։ Կասպերն էլ Դանիայի հավաքականի գույները պաշտպանում է 2013 թվականից և մինչ այժմ անցկացրել է 60 հադիպում։
# Դանիայի հավաքական, Լեսթեր, Կասպեր Շմեյխել, Միլան, Պիեր-Էմիլ Հոյբերգ, Սաութհեմփթոն, Սիմոն Կյայեր, Տոտենհեմ