«Նոայի» դարպասապահը երկու 11-մետրանոց հետ մղեց` օգնելով ԿԴՀ-ին դուրս գալ ԱԱ-2026-ի միջմայրցամաքային փլեյ-օֆֆ 🎥
«Նոայի» դարպասապահը երկու 11-մետրանոց հետ մղեց` օգնելով ԿԴՀ-ին դուրս գալ ԱԱ-2026-ի միջմայրցամաքային փլեյ-օֆֆ 🎥
17/11/2025 - 10:16

Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Նիգերիայի թիմին։

Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ Նիգերիացիներից հաշիվը երրորդ րոպեին բացեց Պետեր Օնյեկան, իսկ 32-րդ րոպեին ԿԴՀ-ի պատասխան գոլը խփեց Մեշակ Էլիան։

11-մետրանոց հարվածաշարից անմիջապես առաջ Կոնգոյի գլխավոր մարզիչ Սեբաստիեն Դեսաբրը խաղադաշտ դուրս բերեց Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուին` փոխարինելով Լայոնել Մպասի-Նզաուին։

Հետագայում Ֆայուլուն դարձավ հանդիպման հերոսը` հետ մղելով Մոզես Սիմոնի ու Սեմի Աջայիի 11-մետրանոցները, իսկ նիգերիացիների պաշտպան Կալվին Բեսիի հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։

Այսպիսով, ԿԴՀ-ն հետխաղյա հարվածաշարում հաղթեց 4:3 հաշվով ու նվաճեց ԱԱ-2026-ի միջմայրցամաքային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր ու հնարավորություն կունենա պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել Մունդիալի ուղեգիր։

«Ընձառյուծներն» աշխարհի առաջնությանը մասնակցել են 48 տարի առաջ` 1978 թվականին։

Կոնգոն միջմայրցամաքային փլեյ-օֆֆ-ի երրորդ մասնակիցն է` միանալով Նոր Կալեդոնիայի ու Բոլիվիայի հավաքականներին։

Միջմայրցամաքային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր կնվաճեն նաև Ասիայի ընտրական գոտու 5-րդ փուլի հաղթողը` ԱՄԷ-ն կամ Իրաքը, և ԿՈՆԿԱԿԱՖ-ի լավագույն երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն երկու հավաքականները։

Միջմայրցամաքային փլեյ-օֆֆ-ի բոլոր մասնակիցները հայտնի կդառնան նոյեմբերի 19-ին, որի վիճակահանությունը կկայանա հաջորդ օրը։ Այն կունենա փլեյ-օֆֆ-ի երկու ցանց, իսկ հանդիպումները կկայանան 2026թ. մարտին Մեքսիկայում։ Կխաղարկվի Մունդիալի երկու ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025