Նիցցայի ֆուտբոլիստը սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով կամրջից 📸
Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Նիցցայի» կիսապաշտպան Ալեքսիս Բեկա Բեկան այս րոպեներին սպառնում է ինքնասպան լինել և ցած նետվել կամրջից։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, 22-ամյա ֆուտբոլիստն այժմ Նիցցայի արվարձաններից մեկում գտնվող Մանյան կամրջի վրա է և սպառնում է իրեն ցած նետել։ Կամուրջն ունի 100 մ բարձրություն։
Աղբյուրի փոխանցմամբ` այժմ ոստիկանությունն ու «Նիցցայի» հոգեբանը տեղում բանակցություններ են վարում ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ և փորձում են նրան հետ պահել ծայրահեղ քայլերից։
Հաղորդվում է, որ «Նիցցայում» Բեկա Բեկայի խաղընկեր Կեֆրեն Թյուրամը կապվել է նրա ընկերուհու հետ և խնդրել, որպեսզի վերջինս մեկնի դեպքի վայր։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեկա Բեկան և նրա ընկերուհին բաժանվել են, այդ պատճառով էլ 22-ամյա կիսապաշտպանը մտադիր է դիմել նման քայլի։
Նշվում է, որ «Նիցցան» րոպեներ առաջ չեղարկել է այսօր` սեպտեմբերի 29-ին, կայանալիք բոլոր միջոցառումներն, այդ թվում` մամուլի ասուլիսները։
Հավելենք, որ այժմ կամրջի վրա մեքենաների երթևեկությունն արգելափակվել է, այդ պատճառով 5 կմ երկարությամբ խցանում է առաջացել։
Ավելացնենք, որ Ալեքսիս Բեկա Բեկան «Նիցցայի» կազմում հանդես է գալիս 2022 թ. օգոստոսից` անցկացրած 22 խաղում դառնալով 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս Բեկա Բեկա, Լիգա-1, Կեֆրեն Թյուրամ, Նիցցա