Նիկոլո Ձանիոլոն կրկին ծանր վնասվածք է ստացել
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երկրորդ տուրի շրջանակում սեպտեմբերի 7-ին Իտալիայի հավաքականը Ամստերդամում նվազագույն՝ 0։1 հաշվով առավելության հասավ Նիդեռլանդների հավաքականի նկատմամբ։
Հանդիպման 42-րդ րոպեին «սկուադրա աձուրայի» կազմում փոխարինվեց Նիկոլո Ձանիոլոն, ով, պարզվում է՝ հերթական ծանր վնասվածքն է ստացել։ 21-ամյա կիսապաշտպանը սույն թվականի հունվարի 12-ին կայացած «Ռոմա» – «Յուվենտուս» խաղում կտրել էր ծնկի խաչաձև կապանները, ինչից հետո խաղադաշտում վերադարձավ միայն հուլիսի 5-ին։
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, Նիդեռլանդների հավաքականի դեմ կայացած խաղից հետո ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ինչը հաստատել է, որ խաղացողի մոտ, ցավոք, կրկնվել է վնասվածքը։ Սեպտեմբերի 9-ին նա պետք է ենթարկվի վիրահատության, իսկ վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն։ Ամենայն հավանականությամբ՝ նա 2020 թվականին այլևս խաղադաշտ դուրս չի գա։
# Ազգերի լիգա, իտալիայի հավաքական, Հոլանդիայի հավաքական, Նիկոլո-Ձանիոլո, Ռոմա