Նեյմարը որոշել է, թե Ալ Հիլալից հեռանալուց հետո որտեղ է շարունակելու կարիերան
Նեյմարը, չնայած վերջերս է համալրել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում հանդես եկող «Ալ Հիլալի» շարքերը, արդեն մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին։
Goal.com-ը տեղեկացնում է, որ բրազիլացի հարձակվողը մտադիր է «Ալ Հիլալի» հետ գործող պայմանագրի ավարտից հետո վերադառնալ «Սանթոս», որի սանն է։
Աղբյուրի փոխանցմամբ` Նեյմարի ու «Ալ Հիլալի» միջև պայմանագիրը նախատեսված է 2, այլ ոչ թե 4 տարվա համար, որն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։
Հաղորդվում է, որ բրազիլացի հարձակվողը մտադիր չէ երկար հանդես գալ «Ալ Հիլալի» կազմում և 2025 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Սանթոս»։
Լրագրող Ադեմիր Կինտինոն նույնպես հաստատում է Նեյմարի մտադրության մասին.
«Նեյմարների ընտանիքի ընկերների հետ տարբեր շփումների ընթացքում տեղեկացա, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Ալ Հիլալի» հետ կնքել է ոչ թե 4, այլ 2 տարվա պայմանագիր, որպեսզի վերջինս ԱԱ-2026-ի մեկնարկից մեկ տարի առաջ վերադառնա «Սանթոս»։
Նեյմարն անձամբ է դիմել «Սանթոսի» ղեկավարությանը` ակումբ վերադառնալու թույլտվություն ստանալու նպատակով։ Նեյմարը «Սանթոս» վերադառնալու մեծ ցանկություն ունի»,- նշել է Կինտինոն Goal-ի հետ զրույցում։
Նշենք, որ Նեյմարը երբեք չի թաքցրել այն փաստը, որ կարիերայի ինչ-որ փուլում ցանկանում է վերադառնալ «Սանթոս»։
Ամենայն հավանականությամբ` նա մտադիր է հենց 2025 թ. վերադառնալ հարազատ ակումբ, որպեսզի կարողանա պատշաճ կերպով պատրատավել ԱԱ-2026-ին։
Ավելացնենք, որ Նեյմարը «Սանթոսի» համակարգում հանդես է եկել 2003-13 թթ., որի հիմնական թիմում անցկացրել է 139 հանդիպում` դառնալով 72 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Նեյմար, Սանթոս, տրանսֆերներ