Նավթադոլլարներ և  մարդու իրավունքների խախտումներ. Կատարի մութ կողմը

Նավթադոլլարներ և մարդու իրավունքների խախտումներ. Կատարի մութ կողմը

18/12/2022 - 11:12

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին։

Ինչպես գրեթե ամենուր, ֆուտբոլում ևս գումարն առաջնային է։ Ընդամենը 10 տարի առաջ ֆուտբոլում նման աննորմալ թվեր չկային, որքան այսօր։ Ֆուտբոլում գումարն ու ներդրումները օր-օրի ավելացել են, բայց դրանք ոչ թե զարգացնում են սպորտաձևը, այլ դառնում շահույթ ներդրողների, կազմակերպությունների, ֆուտբոլային ասոցիացիաների ու թիմերի համար։ Ահա թե ինչպես է փոխվում ամենազանգվածային սպորտաձևերից մեկը։

Մունդիալ-2022-ն ամենավառ ապացույցն է։ Այստեղ մրցաշարն անցկացնելը ՖԻՖԱ-ի համար լոկ սպորտաձևը տարածելը չէ․ նրանք այլ նպատակ են հետապնդում։ ՖԻՖԱ-ի կողմից Կատարը՝ որպես 2022 թվականի աշխարհի գավաթի հյուրընկալող, ընտրվեց 2010 թվականին՝ կոռուպցիայի վերաբերյալ համատարած մեղադրանքների ֆոնին։

Այդ ընտրությունը լուրջ քննարկումների առիթ դարձավ։ Առաջին հերթին, աշխարհի առաջնության ենթակառուցվածքները կառուցող աշխատողների անվտանգության և բարեկեցության վատ պայմաններն են, որոնք գրեթե անմիջապես հայտնվեցին միջազգային ուշադրության կենտրոնում: Բարձր ջերմաստիճանը նույնպես դատապարտվեց ՝ կապված օդորակիչ մարզադաշտերի կառուցման գաղափարի հետ՝ հակազդելու Մերձավոր արևելքի անապատների կիզիչ շոգին, որը կտրուկ հակադրվում է համաշխարհային բնապահպանական իրազեկվածության աճին:

Կանանց և ԼԳԲՏՔ իրավունքների անբավարար պաշտպանությունը նույնպես հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում։
Կատարը նախկինում օգտագործում էր կաֆալա համակարգը, որտեղ աշխատողները պետք է ունենան հովանավոր, որը սահմանում է, թե արդյոք նրանք կարող են փոխել աշխատանքը կամ նույնիսկ լքել երկիրը: Իրավապաշտպան խմբերը տարիներ են ծախսել՝ փաստագրելով, թե ինչպես է կաֆալան հիմնում աշխատանքային միգրանտների շահագործման համակարգը՝ «անձնագրի բռնագրավումից մինչև հետաձգված աշխատավարձեր և հարկադիր աշխատանք։

Կատարը սերտորեն համագործակցել է Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ` իր աշխատանքային օրենսդրության բարեփոխման համար, որն այժմ սահմանում է նվազագույն աշխատավարձ բոլոր աշխատողների համար՝ անկախ ազգությունից: Բայց Կատարից տասը տարի պահանջվեց այս բարեփոխումներն ավարտելու համար, և կաֆալայի համակարգը վերացավ միայն այն ժամանակ, երբ կառուցվել էին աշխարհի առաջնության գրեթե բոլոր ենթակառուցվածքները՝ էժան աշխատուժով և մարդկային «բարձր» գնով:

2021 թվականին The Guardian-ը հայտնել է, որ առնվազն 6500 աշխատանքային միգրանտ է մահացել Կատարում այն ​​բանից հետո, երբ երկիրն ստացել է աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունք մեկ տասնամյակ առաջ:

Դոհայում ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գրասենյակի ղեկավար Մաքս Թունյոնը, ով 2021 թ. Կատարում իրականացրել է աշխատանքային մահվան և վնասվածքների վերաբերյալ տվյալների վերլուծություն, ասում է, որ մահերի թվի որոշումը մի շարք պատճառներով բարդ է:

Ինչպես նոյեմբերի 17-ին գրել է մարզական լրագրող Դեյվիդ Գոլդբլաթը է, մահացածների ընդհանուր ցուցանիշը ներառում է թոշակառուներ, ամուսիններ և այլ մարդիկ: Երկրորդ կետով նա նշել է, որ ոչ բոլոր աշխատանքային միգրանտների մահերն են պայմանավորված աշխատանքից:

Գոլդբլթաը նշել է նաև, որ աշխատանքային միգրանտների ոչ ավելի, քան 20 տոկոսն է աշխատում շինարարության ոլորտում։

Համաձայն Amnesty International-ի 2016 թվականի զեկույցի՝ մետաղագործը, ով աշխատել է «Խալիֆա» մարզադաշտում, որը ՖԻՖԱ-ի 2022 թվականի աշխարհի առաջնության ութ մարզադաշտերից մեկն է, 2015 թվականին ասել է, որ միգրանտների կյանքը Կատարում «բանտի պես է եղել»: Մետաղագործն ասաց, որ երկար ժամեր աշխատում էին ծայրահեղ շոգի պայմաններում, և նրան ասել են, որ «հետևանքներ» կլինեն, եթե հանկարծ բողոքի: «Այժմ ես ստիպված եմ մնալ Կատարում և շարունակել աշխատել»,- ասել է նա։


Կատարում ապրում է 2,9 միլիոն մարդ, սակայն նրանցից միայն 300 հազարն է քաղաքացի: Մնացածը հիմնականում աշխատողներ են՝ Հյուսիսից, կամ միգրանտներ Ասիայից և Աֆրիկայից, ովքեր աշխատում են ամեն տեղ՝ տնային աշխատանքից մինչև սպասարկման արդյունաբերություն և շինարարություն:


ՖԻՖԱ-ն իրեն ներկայացնում է որպես երկխոսությունն ու մարդու իրավունքները խթանելու ամենամեծ ներուժ ունեցող միջազգային դերակատարներից մեկը։ Փաստարկն ունի իր արժանիքները. ՖԻՖԱ-ն ավելի շատ անդամ ունի, քան ՄԱԿ-ը:

ՖԻՖԱ-ն մի կազմակերպություն է, որտեղ խաղաղ գոյակցում են Կոսովոն ու Սերբիան, Չինաստանն ու Թայվանը։ Աշխարհի առաջնությունը ՖԻՖԱ-ի գլխավոր իրադարձությունն է և ավելի հայտնի է, քան ցանկացած այլ միջազգային կառավարական գագաթնաժողով, և այն իսկապես հասնում է համաշխարհային լսարանին. մոտ 5 միլիարդ մարդ հետևում է աշխարհի առաջնությանը։

Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ն մնում է մասնավոր, բիզնեսի վրա հիմնված և ինքնակարգավորվող կազմակերպություն: Շվեյցարիայի օրենքները, որտեղ գտնվում է նրա շտաբ-բնակարանը, պաշտպանում են այն այլ կառավարությունների կանոնակարգերից:

2015 թվականի սկանդալից հետո, որը վախեցրեց բազմաթիվ հովանավորների, ՖԻՖԱ-ն սկսեց վերականգնել իր միջազգային վստահությունը՝ էթիկական սկզբունքների հիման վրա: Կատարի աշխարհի առաջնությունը որպես արդար ու կայուն մրցաշար որակելը միջոց է եղել հանգստացնելու հովանավորներին և հանդիսատեսին, որ ապրանքը, որից նրանք սպառելու են/սպառում են, համապատասխանում է ամենաբարձր էթիկական չափանիշներին։

ՖԻՖԱ-ն մրցաշարից առաջ հայտարարեց, որ հանդիպումների տոմսերի ավելի քան 90 տոկոսը վաճառվել է, ընդ որում՝ հիմնական գնորդները եղել են ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից և Անգլիայից: Սակայն, ԱԱ-2022-ի ընթացքում տեսանք, որ գրեթե բոլոր խաղերին կան ազատ նստատեղեր։

Եղան քաղաքներ, որոնք սկսեցին չցուցադրել աշխարհի գավաթի խաղերը․ սա օգնում էր, որ Կատարում մարդու իրավունքների թերությունները պահվեն հասարակության ուշադրության կենտրոնում:


ՖԻՖԱ-ն առաջարկում է և մտադիր է աշխարհի առաջնությունն անցկացնել 2 տարին մեկ անգամ, ինչը վկայում է այն մասին, որ փողի ուժը գալիք տարիներին գերակայելու է երկրպագուների մտահոգություններին և խաղացողների առողջությանը:

Իսկ ինչ վերաբերում է Կատարին, ապա նավթադոլլարներով կարող ես կառուցել ֆանտաստիկ մարզադաշտեր, ստեղծել հիանալի ենթակառուցվածքներ ու պայմաններ, հրավիրել օտարերկրացի մասնագետների, քաղաքացիություն տրամադրել այլազգի տաղանդավոր ֆուտբոլիստների և այլն, սակայն իրականությունից և ինքդ քեզնից չես փախչի։

Սամվել Մխիթարյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023