Նանտի երկրպագուները Դոմենեկի նշանակման առթիվ ծաղրածուի երգ են միացրել ակումբի մարզաբազայում 🎥
Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը 10 տարի անց վերադարձել է մեծ ֆուտբոլ՝ գլխավորելով Լիգա 1-ը ներկայացնող «Նանտը», սակայն այդ լուրը շոկի է ենթարկել ակումբի երկրպագուներին։
Երկրպագուները դժգոհ են այն փաստից, որ ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է բոլորի կողմից մոռացված մասնագետի։
Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը, «Նանտի» վերջին մարզումներից մեկի ընթացքում երկրպագուները հավաքվել են մարզաբազայի մոտակայքում, պահանջել են ակումբի ղեկավարության հրաժարականը, իսկ մարզման ընթացքում բարձրաձայն միացրել են ծաղրածուի երգ՝ ակնարկելով, որ այդ ամենը նման է կրկեսի։
Այս երաժշտությունը միանշանակ բոլորին հայտնի է․․․
Հավելենք, որ Ռայմոն Դոմենեկն 10 տարի չէր աշխատել պորֆեսիոնալ մակարդակով։ Նրա վերջին աշխատավայրը եղել է Ֆրանսիայի հավաքականը, որը նա մարզել է 2004-2010 թթ․։ 2016-2019 թվականներին նա մարզել է Բրետանի հավաքականը (խմբ․՝ ֆրանսիական շրջան), որը պրոֆեսիոնալի կարգավիճակ չունի։
«Նանտը» Լիգա 1-ի շրջանակում անցկացրած 16 խաղերից հետո վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
# Լիգա-1, Նանտ, Ռայմոն Դոմենեկ, Ֆրանսիայի հավաքական