Մյուլլերը պետք է ընտրություն կատարեր Ռոնալդուի և Մեսսիի միջև, սակայն ընտրել է այլ խաղացողի
«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերին հարցազրույցներից մեկի ժամանակ խնդրել են ընտրություն կատարել Լեո Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև, սակայն նա նախընտրել է իր թիմակից Ռոբերտ Լևանդովսկուն։
«Հնարավոր է՝ կարիերայի սկզբում ես կցանկանայի հանդես գալ Լեո Մեսսիի հետ, քանի որ կարիերայիս առաջին 6-7 տարում հանդես եմ եկել հարձակման սուր կրակածայրում։ Ես գնդակը ստանում էի տուգանային հրապարակում՝ փորձելով եզրափակել գրոհները, սակայն այժմ ես լավ մարզավիճակում եմ և շատ գոլային փոխանցումների հեղինակ եմ դառնում։ Միգուցե այժմ ցանկանայի հանդես գալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ, որպեսզի եզրափակեր փոխանցումներս, սակայն մենք «Բավարիայում» ունենք Ռոբերտ Լևան-գոլ-սկի։ Նա այժմ ավելի հարմար տարբերակ է, քան Կրիշտիանուն»,- Մյուլլերի խոսքերը փոխանցում է Goal.com-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Թոմաս Մյուլլերը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում 37 խաղում դարձել է 43 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայում» հանդես գալուց ի վեր 43 անգամ գոլի հեղինակ է դարձել հենց Մյուլլերի գոլային փոխանցումից հետո։
# Բավարիա, Թոմաս Մյուլլեր, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռոբերտ-Լևանդովսկի