Միլանը կանգ չի առնում. «ռոսներիները» հաղթեցին Ռոմային🎥
Ա սերիայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսում, ճիշտ է, շատ գոլային պահեր չկային, սակայն այն անցավ մեծամասամբ «Միլանի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր նախքան ընդմիջման գնալը բացեցին խաղի հաշիվը։
26-րդ րոպեին «ռոսոներիներին» առաջ մղեց Զլատան Իբրահիմովիչը, ով աչքի ընկավ տուգանայինից կատարած հարվածով։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 50-րդ րոպեին, Սիմոն Կյայերը հարվածային դիրք դուրս բերեց Իբրահիմովիչին, վերջինս էլ մոտ տարածությունից կրկնապատկեց հյուրերի առավելությունը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Ֆաբիո Մարեսկան խաղից դուրս իրավիճակի պատճառով չհաշվեց շվեդ հարձակվողի խփած գոլը։
Ամեն դեպքում, 54-րդ րոպեին Զլատանն արեց իր գործը և 11-մետրանոց հարված վաստակեց «Միլանի» համար, որն անվրեպ իրացրեց Ֆրանկ Կեսիեն և կրկնապատկեց հաշվի տարբերությունը։
«Ռոման», որը մինչև 66-րդ րոպեն ոչնչով աչքի չէր ընկել, բավական անսպասելի քանակական առավելություն ստացավ, քանի որ երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը։
Այդ դրվագից հետո Ժոզե Մոուրինիոյի սաներն անմիջապես տիրեցին նախաձեռնությանը, սակայն մինչև խաղավարտ չէր հաջողվում իրական գոլային պահեր ստեղծել Չիպրիան Տետերեշանուի պաշտպանած դարպասի դիմաց։
Միայն 90+3-րդ րոպեին «գայլերին» հաջողվեց մեկ գնդակ հետ բերել, որն իր անվան դիմաց գրանցեց Ստեֆան Էլ-Շարավին։
Ավելին անել հռոմեական ակումբին չհաջողվեց։
Այսպիսով, «Միլանը» հաղթեց 2:1 հաշվով, վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Նապոլին» նույնպես ունի 31 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Ռոման», 19 միավորով, 4-րդն է։
Հավելենք, որ «Ռոմայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով, ցավոք, փոխարինվեց 46-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Զլատան-Իբրահիմովիչ, Ժոզե Մոուրինիո, Հենրիխ-Մխիթարյան, Միլան, Ռոմա, Ստեֆան-Էլ-Շաարավի, Ստեֆանո Պիոլի, Ֆրանկ Կեսիե