Միլանը Վերոնային որևէ հնարավորություն չտվեց՝ փորձելով վերականգնվել անհաջող խաղերից հետո🎥
Շարունակվում է իտալական Ա սերիայի 26-րդ տուրը, որի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Միլանը» արտագնա խաղում ուժերը չափեց «Վերոնայի» դեմ։
Հանդիպումը ակտիվ մեկնարկեցին հյուրերը, որոնք մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին Մարկո Սիլվեստրիի պաշտպանած դարպասի ուղղությամբ և, ի վերջո, 27-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը։
Ստեֆանո Պիոլիի սաները տուգանային հարվածի իրավունք էին վաստակել․ գնդակին մոտեցավ բոսնիացի կիսապաշտպան Ռադե Կրունիչը, ով ֆանտաստիկ հարվածով բացեց խաղի հաշիվը։
Հատկանշական է, որ 27-ամյա ֆուտբոլիստն Ա սերիայի շրջանակում խաղադաշտ էր դուրս եկել 16-րդ անգամ և խփեց իր առաջին գոլը «Կալչիոյի» շրջանակում։
Առաջին կեսում «Վերոնայի» խաղը ոչ մի կերպ չէր ստացվում։ Իվան Յուրիչի սաներն աչքի ընկան միայն իրացրած 3 անկյունային հարվածներով։ Ակումբը նույնիսկ որևէ հարված չկատարեց «Միլանի» դարպասի ուղղությամբ։
Կողմերն ընդմիջման գնացին «ռոսոներիների» նվազագույն առավելությամբ, իսկ 50-րդ րոպեին միլանյան ակումբը կրկնապատկեց իր առավելությունը․ գոլն իր անվան դիմաց գրանցեց Դիեգու Դալոտը։
Բաց թողած երկրորդ գոլից հետո Իվան Յուրիչը կատարեց մի շարք փոփոխություններ, վերադասավորեց իր թիմի խաղը, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց բեկում մտցնել խաղում։
Այսպիսով, «Միլանը» պահպանեց ձեռք բերած առավելությունը և հաղթեց 2։0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմը վաստակեց 56 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ինտերին» զիջելով 3 միավոր։
Միլանյան մյուս ակումբն այս տուրի իր հանդիպումը կանցկացնի մարտի 8-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Ատալանտայի» դեմ։
«Վերոնան» էլ 38 միավորով 8-րդն է։
# Դիեգո Դալոտ, Իվան Յուրիչ, Միլան, Ռադե Կրունիչ, Ստեֆանո Պիոլի, Վերոնա