Մեսսին ու ՊՍԺ-ն բանավոր համաձայնության են հասել
Լեո Մեսսին, ամենայն հավանականությամբ, կշարունակի հանդես գալ ՊՍԺ-ի կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի ֆուտբոլիստն ու փարիզյան ակումբը պայմանագրի երկարաձգման հարցում հասել են բանավոր համաձայնության։
Աղբյուրի փոխանցմամբ` սա դեռևս միայն բանավոր համաձայնություն է. կողմերը դեռևս պետք է քննարկեն պայմանագրի ժամկետն ու 35-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի չափը։
Նշվում է, որ «Պարի Սեն-Ժերմենի» նախագահ Նասեր Ալ Խելայֆին ու ակումբի խորհրդական Լուիշ Կամպուշն անում են ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերջնական համաձայնության հասնեն արգենտինացի հարձակվողի հետ։
Սպասվում է, որ մոտ օրերս կողմերը կհանդիպեն` քննարկելու պայմանագրի բոլոր դետալները։
Ռոմանոն հաստատում է, որ Մեսսին չի ընդունել և դիտարկել ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» առաջարկներն ու երբեք բանակցություններ չի վարել «Բարսելոնայի» հետ։
Վերոնշյալ երկու ակումբներն էլ հետաքրքրված են եղել Մեսսիի ծառայություններով, սակայն ոչ ավելին։
Ինքը` Մեսսին, նույնպես կողմ է նվազագույնը ևս մեկ մրցաշրջան փարիզյան ակումբում անցկացնելու տարբերակին։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ մեծ հավանականությամբ արգենտինացի ֆուտբոլիստն ու փարիզյան ակումբը պայմանագիրը կկնքեն «1+1» ձևաչափով։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին ՊՍԺ-ի շարքերը համալրել է 2021 թ. օգոստոսին և մինչ օրս ակումբի կազմում անցկացրել է 53 հանդիպում` դառնալով 23 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Լուիշ Կամպուշ, Նասեր Ալ-Հելայֆի, Նիկոլո Սկիրա, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո