Մեսսին հիասթափված է եղել Ռեալի դեմ խաղից հետո. Նեյմարը մխիթարել է նրան
Հայտնի է դարձել, թե ինչ մթնոլորտ է տիրել ՊՍԺ-ի հանդերձարանում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդի» դեմ տնային խաղում (1:0) տոնած հաղթանակից հետո։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, փարիզյան ակումբի ֆուտբոլիստներն ուրախ են եղել հաղթանակի կապակցությամբ, սակայն էյֆորիայի մեջ չեն ընկել։
Հաղորդվում է, որ թե՛ ֆուտբոլիստները, թե՛ «Փարիզի» մարզչական շտաբը և թե՛ ակումբի ղեկավարությունը չեն ցանկացել շատ հանրայացնել այդ ուրախությունը, այդ պատճառով էլ սոցցանցերում գրեթե չկան «Ռեալի» նկատմամբ տոնած հաղթանակին նվիրված գրառումներ։
Ակումբի ներսում հասկանում են, որ հիանալի հանդիպում են անցկացրել, սակայն իրենց նպատակներն ու ամբիցիաներն ավելի բարձր եմ։
«Մենք փորձ ենք կուտակել։ Նախկինում նման հաղթանակներից հետո մենք ավելի շատ կշփվեինք մամուլի հետ, սակայն այժմ այդպես չենք անում. այն, ինչ տեղի է ունենում, մնում է մեր մեջ»,- նշել է «Պարի Սեն-Ժերմենի» աշխատակիցներից մեկը «արքայական» ակումբի դեմ խաղից հետո։
Հանդիպումից հետո ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայֆին գնացել է ակումբի հանդերձարան և փոքրիկ ճառ ասել , որի ընթացքում շեշտել է թիմային խաղի բարձր որակի և մարզչական շտաբի մեծ հաջողության մասին։
Բացի դրանից, 48-ամյա ֆունկցիոներն ակումբի ֆուտբոլիստներին հիշեցրել, որ դեռևս ոչինչ ավարտված չէ, և դեռ առջևում պատասխան հանդիպումը պետք է կայանա։
Այդուհանդերձ, այդ համընդհանուր ուրախության ֆոնին Լեո Մեսսին «Ռեալի» դեմ հանդիպումից հետո հիասթափված է եղել։ Նրան մխիթարել է Նեյմարը։
Արգենտինացի ֆուտբոլիստը կարծում է, որ մադրիդյան ակումբի դեմ կարող էր ավելի լավ հանդիպում անցկացնել։
Հիշեցնենք, որ «Ռեալի» դեմ կայացած խաղում Լեո Մեսսին չի կարողացել հստակ իրացնել 11-մետրանոցը. նրա հարվածից հետո «սերուցքայիններին» փրկել է Տիբո Կուրտուան։
Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» – ՊՍԺ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Նասեր Ալ-Հելայֆի, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ