Մեսին և Ռոնալդուն նույն օրը դուրս մնացին աշխարհամասերի ՉԼ-ից 🎥
ԿՈՆԿԱԿԱՖ-ի (խմբ.` Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի ֆուտբոլային կոնֆեդերացիա) Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում մրցեց կանադական «Վանկուվերի» դեմ։
Դիմակայության առաջին խաղում «Վանկուվերը» հաղթել էր 2:0 հաշվով։
Պատասխան հանդիպման 9-րդ րոպեին «Ինտեր Մայամին» Ժորդի Ալբայի գոլի շնորհիվ բացեց հաշիվը։
Թվում էր, թե Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը comeback կանի, սակայն Լիոնել Մեսին ու ընկերները չկարողացան զարգացնել հաջողությունը։
Փոխարենը` երկրորդ խաղակեսում հյուրերը երեք գոլ խփեցին ու հաղթեցին 3:1. աչքի ընկան Բրայան Ուայթը, Պեդրո Վիտեն ու Սեբաստիան Բերալթերը։
«Վանկուվերն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ աշխարհամասի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի մեքսիկական ակումբներից մեկի` «Կրուս Ասուլի» կամ «Տիգրեսի» դեմ։
Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2:3 հաշվով սենսացիոն պարտություն կրեց ճապոնական «Կավասակի Ֆրոնտալեից»։
Շիգետոշի Հասաբեի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկան Տացույա Իտոն, Յուտո Օձեկին և Ակիհիրո Իենագան։
Տանտերերից գոլ խփեցին սենեգալցի անվանի վինգեր Սադիո Մանեն և Այման Յահիան։
«Ալ Նասրի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։
«Կավասակի Ֆրոնտալեն» նույնպես պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ աշխարհամասի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ մայիսի 3-ին կմրցի Սաուդյան Արաբիան ներկայացնող մեկ այլ ակումբի` «Ալ Ահլիի» դեմ։
Այսպիսով, Լիոնել Մեսին ու Կրիշտիանու Ռոնալդուն մեկ օրում իրենց ակումբի հետ դուրս մնացին Չեմպիոնների լիգայի խաղարկությունից` չկարողանալով նվաճել տիտղոսը։
Տեսանյութը` Ասիայի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայության
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից