Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման նախնական փուլը
Հունիսի 21-ին` Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման նախնական փուլը։
Նշենք, որ որակավորմա նախնական փուլը փոքրիկ մրցաշար է, որը բաղկացած է երկու կիսաեզրափակիչներից և եզրափակիչից։
Առաջին կիսաեզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Լա Ֆիորիտան» (Սան Մարինո) ու «Ինտեր Էսկալդեսը» (Անդորրա)։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «Ինտեր Էսկալդեսը» կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել ու դուրս գալ որակավորման նախնական փուլի եզրափակիչ։
«Լա Ֆիորիտայի» կազմից հանդիպման հաշիվը 45+2-րդ րոպեին բացեց Դանիլո Ռինալդին, այդուհանդերձ, 55-րդ ու 66-րդ րոպեներին 35-ամյա Գենիս Սոլդևիլան երկու անգամ գրավեց մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևեց Անդորրան ներկայացնող ակումբին։
Կիսաեզրափակիչի մյուս խաղում էլ Իսլանդիան ներկայացնող «Վիկինգուր Ռեյկյավիկը» մրցեց էստոնական «Լևադիայի» դեմ։
Սեփական հարկի տակ հանդես եկող «Վիկինգուրը» պարզապես քարը քարի վրա չթողեց մրցակցին` ջախջախելով 6:1 հաշվով։
Իսլանդական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Կայլ Մաքլագանը, Քրիսթալ Մանի Ինգասոնը, Հալդոր Սիգուրդսոնը, Նիկոլայ Հանսենը, Հելգի Գուդյոնսենն ու Յուլիուս Մագնուսոնը, իսկ «Լևադիայի» միակ գոլը խփեց Զաքարիա Բեգլարիշվիլին։
Ընդ որում, այս խաղում նույնպես կամային հաղթանակ գրանցվեց, քանի որ հաշիվը բացել էին էստոնական թիմի ֆուտբոլիստները։
Այսպիսով, հունիսի 24-ին` Ռեյկյավիկի «Վիկին» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:30-ից սկսած` Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլի եզրափակիչի շրջանակում, միմյանց դեմ կմրցեն «Ինտեր Էսկալդեսն» (Անդորրա) ու «Վիկինգուրը» (Իսլանդիա)։
Հավելենք, որ այդ զույգի հաղթողը կնվաճի որակավորման առաջին փուլի ուղեգիր և կմրցի Շվեդիան ներկայացնող «Մալմյոյի» դեմ։
Հատկանշական է, որ «Ինտեր Էսկալդես» – «Վիկինգուր» հանդիպման պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում կայանալիք «Փյունիկ» (Հայաստան) – «Կլուժ» (Ռումինիա) զույգի պարտվողի դեմ։
Ինչ վերաբերում է «Լա Ֆիորիտային» ու «Լևադային», ապա այդ ակումբները նույնպես պայքարը կշարունակեն Կոնֆերենցկաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցեն համապատասխանաբար «Բալկանի» (Կոսովո) – «Ժալգիրիս» (Լիտվա), «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) – «Հիբերնիանս» (Մալթա) զույգերի պարտվողների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2022/23 մրցաշրջան, Ինտեր Էսկալդես, Լա Ֆիորիտա, Լևադիա, Կոնֆերենցիաների լիգա, Չեմպիոնների-լիգա, Վիկինգուր Ռեյկյավիկ, Փյունիկ-Կլուժ