Մբապեն ֆինանսական հսկայական պահանջներ է ներկայացնելու իր հավանական նոր ակումբին

Մբապեն ֆինանսական հսկայական պահանջներ է ներկայացնելու իր հավանական նոր ակումբին

07/02/2024 - 14:48

Հայտնի են դարձել այն ֆինանսական պահանջները, որոնք Կիլիան Մբապեն առաջ է քաշելու իր հավանական նոր ակումբի հետ բանակցելիս։

Ինչպես հայտնում է Cadena SER-ը, 25-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է լինել Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը, այդ պատճառով էլ պահանջելու է տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ։

Բացի այդ, ֆրանսիացի հարձակվողը ցանկանում է վաստակել 120 մլն եվրո հավելավճար` ազատ գործակալի կարգավիճակում տվյալ ակումբ տեղափոխվելու համար։

Երրորդ հիմնական պահանջը լինելու է այն, որ Մբապեն նոր ակումբում ցանկանում է իր եկամտի մեծ մասը վաստակել իմիջային իրավունքներից։

Հաղորդվում է, որ ներկա պահին Մբապեն որևէ ակումբի հետ պայմանագիր չի ստորագրել` չնայած այն տեղեկություններին, թե նա արդեն համաձայնության է հասել «Ռեալ Մադրիդի» հետ։

ՊՍԺ-ն դեռևս ոչինչ չգիտի հարձակվողի որոշումների մասին, այդ պատճառով էլ փարիզյան ակումբը փորձում է նրան համոզել երկարաձգել գործող պայմանագիրը։

Եթե Մբապեն երկարաձգի պայմանագիրը «Պարի Սեն-Ժերմենի» հետ, ապա նրա տարեկան աշխատավարձը կկազմի 72 մլն եվրո, ինչպես նաև կստանա 130 մլն եվրո հավելավճար։

Դրանից զատ, Մբապեի գործող պայմանագրում առկա է, այսպես կոչված, «հավատարմության» կետ, ըստ որի նա արդեն ստացել է 70 մլն եվրո։

Շուտով այդ կետի համաձայն նա պետք է ստանա ևս 80 մլն եվրո։

Նշվում է, որ ֆրանսիացի հարձակվողը ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայֆիի հետ պայմանավորվածություն ունի, որ եթե ազատ գործակալի կարգավիճակում հեռանա ակումբից, ապա հրաժարվելու է վերոնշյալ 80 մլն եվրո հավելավճարից։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ը, իսկ նրա հաջորդ ամենահավանական ակումբը «Ռեալ Մադրիդն» է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023