Սիթին կրկին կրակի հետ է խաղում․ Բորուսիան դեռևս պայքարի մեջ է 🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին դորտմունդյան ակումբի ֆուտբոլիստները, ովքեր մի քանի անգամ սպառնացին Էդերսոնին, սակայն շատ արագ «Սիթիի» ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը՝ 19-րդ րոպեին բացելով խաղի հաշիվը․ Ռիյադ Մարեզի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Կևին Դե Բրոյնեն։
Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում էլ Պեպ Գվարդիոլայի սաները նախաձեռնությունն իրենց ձեռքում էին պահում և գնդակին ավելի շատ էին տիրում (62%), սակայն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների խաղում այնքան էլ սրություն չկար, իսկ առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք։
Երկրորդ խաղակեսը «դեղինները» կրկին ակտիվ մեկնարկեցին և 49-րդ րոպեին կարող էին խփել պատասխան գնդակը, սակայն հարվածային դիրք դուրս եկած Էրլինգ Հալանդը հապաղեց՝ հարվածելով վատ։
Երկար ժամանակ դաշտում հանգիստ պայքար էր ընթանում, սակայն 84-րդ րոպեին Էդին Թերզիչի սաներն անակնկալ կերպով հավասարեցրին հաշիվը․ Էրլինգ Հալանդը հարվածային դիրք դուրս բերեց Մարկո Ռոյսին, ով էլ մոտ տարածությունից գրավեց դարապասը։
Թվում էր՝ դորտմունդյան ակումբը կպահպանի ոչ-ոքի արդյունքը, սակայն «Սիթին» բաց թողած գոլից հետո անմիջապես միացրեց իր շարժիչները և 90-րդ րոպեին խփեց հաղթական գնդակը, որն իր անվան դիմաց գրանցեց Ֆիլ Ֆոդենը։
Այսպսիով, «Մանչեսթեր Սիթին» 2։1 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց «Բորուսիա Դորտմունդին»։
Կողմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին՝ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Մարկո Ռոյս, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ֆիլ Ֆոդեն