Մանչեսթեր Սիթին կարող է օրենքի հետ կապված խնդիրների առաջ կանգնել
Ինչպես հաղորդում է Goal.com-ը՝ հղում անելով The Athletic-ին, 2011 թվականին «Մանչեսթեր Սիթին» ձևական (կեղծ) աշխատանքի է ընդունել ակումբի 14-ամյա անդամներից մեկի՝ Գաբրիել Ֆերնանդո Ալմեյդայի հայրիկին որպես սկաուտ և աշխատավարձ վճարել նրան՝ իրականում ոչինչ չանելու դիմաց։
Վճարելով Ալմեյդայի հայրիկին՝ «քաղաքաբնակները» ցանկացել են վարձահատուց լինել իրենց պատանի ֆուտբոլիստին՝ ակումբի կազմում հանդես գալու դիմաց, ինչն արվել է ԱՊԼ-ի կանոնադրությունը շրջանցելու նպատակով, քանի որ Պրեմիեր լիգան արգելում է պայմանագիր կնքել 16 տարին չլրացած ֆուտբոլիստի հետ։
Աղբյուրը նշում է, որ 2011 թվականի սեպտեմբերից մինչև 2012-ի հունիս ֆուտբոլիստի հայրիկին վճարել են մոտ հազար ֆունտ ստերլինգ՝ ոչինչ չանելու դիմաց։
«Նրանք վճարել են ինձ, սակայն ես չեմ աշխատել։ Ճիշտն ասած՝ մեզ խաբել են, քանի որ ես անգլերեն լավ չեմ հասկանում։ Նրանք ինձ համար սկաուտական դասընթացներ անցկացրին։ Երկու անգամ հաճախել եմ, որպեսզի արձանագրվի իմ ներկայությունը։
Ես ոչինչ չեմ արել․ այդ ամենը կեղծիք էր։ Ես կասկած չունեմ, որ ակումբում բոլորը գիտեին այդ մասին»,- հայտարարել է Ալմեյդա ավագը։
Մանկունյական ակումբի ներկայացուցիչը հայտնում է, որ Ալմեյդա ավագն իրենց ակումբում աշխատել է որպես սկաուտ և դրա դիմաց վարձատրվել։
Առայժմ պարզ չէ՝ ԱՊԼ-ն կհետաքննի այս գործը, թե ոչ։
# ԱՊԼ, Գաբրիել Ֆեռնանդո Ալմեյդա, Մանչեսթեր-Սիթի