Անակնկալների երեկո ԱՊԼ-ում. Շեֆիլդն ընդհատում է ՄՅՈՒ-ի անպարտելիության շարքը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց մրցաշարային աղյուսակի ակնհայտ հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի ընթացք ու ավարտ ունեցավ, որն էլ արտացոլվեց գրանցված արդյունքի տեսքով։
Չնայած «կարմի սատանաները» հանդիպման մեծ մասում ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, միևնույն է, Քրիս Ուայլդերի թիմը ոչ միայն հիանալի էր պաշտպանվում, այլև օգտագործում էր իր ունեցած սակավաթիվ գոլային պահերը։
Այդպես 23-րդ րոպեին Ջոն Ֆլեկն անկյունայինի խաղարկումից հետո առաջ մղեց «Շեֆիլդին», ինչից հետո մանկունյական ակումբը տևական ժամանակ ճնշում էր մրցակցին և միայն 64-րդ րոպեին Հարի Մագուայերը հավասարեցրեց հաշիվը։
Թվում էր՝ խփած գոլից հետո Օլե-Գունար Սուլշերի սաները կմեծացնեն իրենց առավելությունը և կբեկեն խաղի ընթացքը, սակայն, ճիշտ հակառակը տեղի ունեցավ, քանի որ 74-րդ րոպեին Օլիվեր Բերկը կրկին առաջ մղեց հետնապահներին։
«Շեֆիլդի» երկրորդ գոլը լրիվ շոկ էր «Յունայթեդի» ֆուտբոլիստների համար, որոնք ոչ մի կերպ չկարողացան գոնե 1 միավոր փրկել այս խաղում։
Այսպսիով, «Շեֆիլդ Յունայթեդը» հյուրընկալվելիս խոշոր անակնկալ է մատուցում «Յունայթեդին»՝ հաղթելով 1։2 հաշվով։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Քրիս Ուայլեդերի սաները տանում են ընդամենը երկրորդ հաղթանակը և վաստակած 8 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը։
«Յունայթեդն» էլ ընդհատեց Պրեմիեր լիգայի շրջանակում 13 հանդիպումներից բաղկացած անպարտելի շարքը՝ մնալով 40 միավորով, ինչը թույլ տվեց «Մանեչսթեր Սիթիին», որն ունի 41 միավոր, մնալ 1-ին հորիզոնականում։ Դեռ ավելին՝ Պեպ Գվարդիոլայի սաները մեկ խաղ էլ քիչ են անցկացրել իրենց համաքաղաքացիների համեմատ։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Շեֆիլդ Յունայթեդ