Հոլշտայն Քիլի հեքիաթը շարունակվում է 🎥
Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում Արևմյտան կանոնավոր լիգան՝ 4-րդ դիվիզիոնը, ներկայցնող «Էսսենը» սեփական հարկի տակ մրցեց Երկրորդ Բունդեսլիգայի առաջատարների թվում ընթացող «Հոլշտայն Քիլի» դեմ։
Առաջին խաղակեսում կարգով ավելի բարձր «Հոլշտայն Քիլի» ֆուտբոլիստներին հաջողվեց երկու գնդակի առավելություն ստանալ։
Նախ 26-րդ րոպեին Ալեքսանդր Մուլինգը, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, բացեց խաղի հաշիվը, ապա շատ չանցած՝ 28-րդ րոպեին, Յանի-Լուկա Սերրան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Հատկանշական է, որ ողջ խաղակեսը կողմերը հիմնականում հանգիստ ու զգուշավոր պայքարում անցկացրին, ինչի հետևանքով գրանցվեց ընդամենը երեք դիպուկ հարված, որոնցից երկուսն ավարտվեցին խփած գոլով։
Կողմերն ընդմիջման գնացին հյուրերի՝ երկու գնդակի առավելությամբ, իսկ երկրորդ կեսում առավելությունն արդեն տանտերերի կողմն էր, ովքեր միայն երկրորդ խաղակեսում մրցակցի դարպասի ուղղությամբ կատարեցին 10 հարված, որոնցից 5-ը՝ դիպուկ, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ։
Դեռ ավելին՝ 90-րդ րոպեին «Հոլշտայն Քիլի» առավելությունն էլ ավելի մեծացրեց Ջոշուա Մեսը։
Այսպիսով, Օլե Վերների սաները վստահ հաղթանակ տարան 3։0 հաշվով և շարունակում են իրենց հեքիաթը՝ դուրս գալով Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ «Հոլշտայն Քիլը» մրցաշարի 1/16 եզրափակչի շրջանակում 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ պայքարից դուրս թողեց գործող գավաթակիր «Բավարիային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Ալեքսանդր Մուլինգ, Գերմանիայի գավաթ, Էսսեն, Հոլշտայն Քիլ, Յանի-Լուկա Սերրա, Ջոշուա Մես, Օլե Վերներ