Հոլանդիան անկասելի էր. «նարնջագույնները» ջախջախեցին հյուսիսմակեդոնացիներին🎥
Եվրո-2020-ի խմբային փուլի` վերջին 3-րդ տուրում Հոլանդիայի հավաքականը C խմբի շրջանակում Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 10-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը բացեց հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Իշտվան Կովաչը, խաղից դուրս վիճակի պատճառով, չարձանագրեց Իվան Տրայկովսկու գոլը։
Այդ դրվագից հետո «նարնջագույնները» քիչ-քիչ սկսեցին տիրել նախաձեռնությանը և բացեցին խաղի հաշիվը. 24-րդ րոպեին Ֆրանկ դե Բուրի սաները նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Մեմֆիս Դեպայը բացեց խաղի հաշիվը։
Նախքան ընդմիջման գնալը հոլանդացիները կարող էին մեծացնել հաշվի տարբերությունը, սակայն Դենզել Դումֆրիսի կատարած հարվածից հետո հյուսիսմակեդոնացիներին փրկեց դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին։
Ամեն դեմքում, առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք։
Երկրորդ կեսի մեկնարկում էլ Հոլանդիայի հավաքականը հանեց այս հանդիպման հաղթողի վերաբերյալ բոլոր կասկածները. տանտերերը բավական արագ ևս երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։
50-րդ ու 58-րդ րոպեներին երկու անգամ աչքի ընկավ Ժորժինիո Վեյնալդումը։ Հատկանշական է, որ 30-ամյա կիսապաշտպանը իր երկու գոլն էլ խփեց Մեմֆիս Դեպայի փոխանցումներից հետո։
Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս գոլոր չտեսանք, իսկ Հոլանդիայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հյուսիսային Մակեդոնիայի նկատամբ։
Այսպիսով, C խմբի շրջանակում Ֆրանկ դե Բուրի սաները վաստակեց 9 միավոր և առաջին տեղով դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Հյուսիսային Մակեդոնիան էլ պարտվեց իր բոլոր խաղերը և լքեց պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, Ժորժինիո Վեյնալդում, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, Հոլանդիայի հավաքական, Մեմֆիս Դեպայ, Ֆրանկ դե Բուր