Հիանալի  ֆուտբոլ Լոնդոնում. Չելսին Լիվերի դեմ խաղում հետ բերեց երկու գնդակի կորուստը🎥

Հիանալի ֆուտբոլ Լոնդոնում. Չելսին Լիվերի դեմ խաղում հետ բերեց երկու գնդակի կորուստը🎥

02/01/2022 - 22:24

Անգլիական Պրեմիեր լիգայի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ «Չելսին» մրցեց «Լիվերպուլի» դեմ։

Հանդիպումը բավական անհաջող մեկնարկեց «ազնվականների» համար, քանի որ արդեն 9-րդ րոպեին Դիոգու Ժոտայի կատարած փոխանցումից հետո տանտերերի պաշտպան Տրևո Չալոբան չկարողացավ կասեցնել գնդակը, ինչից հետո Սադիո Մանեն հայտնվեց հարվածային դիրքում և բացեց խաղի հաշիվը։

Բաց թողած գոլից դեռ ուշքի չեկած` «կապույտները» 26-րդ րոպեին ստիպված էին ևս մեկ գնդակ հանել սեփական դարպասից, իսկ գոլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, ով եզրափակեց Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխանցումը։

Թվում էր` Թոմաս Տուխելի թիմն ուշքի չի գա այդ սառը ցնցուղից, սակայն «Չելսին» նախքան ընդմիջման գնալը ոչ միայն կրճատեց, այլև հավասարեցրեց խաղի հաշիվը. նախ 42-րդ րոպեին հեռահար հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Մատեո Կովաչիչը, ապա 45+1-րդ րոպեին աչքի ընկավ Քրիստիան Պուլիշիչը և «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտի լուսատախտակին վառեց 2:2 հաշիվը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 2:2 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսում հիմնականում հավասար պայքար ընթացավ. խաղակեսի սկզբնամասն ու միջնամասն անցավ «Լիվերպուլի» առավելությամբ, իսկ խաղավարտը` «Չելսիի»։

Դաշտում ավելի շատ փայլում էին երկու թիմերի դարպասապահներ Էդուարդ Մենդին և Կուիվին Կելեհերը։

Ի վերջո,հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։

Այս ոչ-ոքիից հետո «Չելսին» վաստակեց 43 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ մնալով արդեն 10 միավոր։

«Լիվերպուլը», 42 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022